Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախում սահմանադրական բարեփոխումների կարևոր շարժառիթն անվտանգության միջավայրն է. Աշոտ Ղուլյան

Արցախում սահմանադրական բարեփոխումների կարևոր շարժառիթն անվտանգության 
միջավայրն է. Աշոտ Ղուլյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ  չճանաչված կարգավիճակի ու չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրի համար շատ բան է կախված արդյունավետ գործող պետական կառավարման համակարգից, ինչը պարբերական թարմացում է պահանջում: Նա գտնում է, որ Արցախի  պարագայում դա առայժմ կարելի է անել միայն սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով: Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, պատճառների և առաջարկվող հիմնական փոփոխությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարոն Ղուլյան, ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության նախագիծը։ Նախ կխնդրեի ներկայացնել՝ ինչո՞ւմ է կայանում այս փուլում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, որոնք են պատճառները, որ հիմք են հանդիսացել Սահմանադրությունը փոխելու համար։

-Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտահղացումն Արցախում նոր չէ շրջանառվում: Այլ հարց է, որ մեծամասամբ այդ թեման շոշափվել է քաղաքական կուսակցությունների ներքին քննարկումների ընթացքում:

Երբ 2013  թվականին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ շատ բնական ու հասկանալի պատճառներով Արցախում այդ թեմայով քննարկումները որոշակի ժամկետով ընդմիջվեցին: Մենք հետևում էինք, թե ինչ ուղղությամբ է գնալու այդ գործընթացը Մայր Հայրենիքում և ինչ զարգացումներ այն կարող է հուշել՝ Արցախում նմանատիպ աշխատանք նախաձեռնելու համար:

Ինչպես յուրաքանչյուր հասարակության, այնպես էլ մեզ մոտ, սահմանադրական բարեփոխումների մասին ավելի շատ են խոսում այն ժամանակ, երբ հասարակական կարծիքի մեջ տիրապետող են դառնում հանրային կյանքի որակը բարձրացնելու պրպտումները:

Չճանաչված կարգավիճակի ու չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրի համար շատ բան է կախված արդյունավետ գործող պետական կառավարման համակարգից, ինչը պարբերական թարմացում է պահանջում: Մեր պարագայում դա առայժմ կարելի է անել միայն սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով:

Մյուս կարևոր շարժառիթն անվտանգային միջավայրն է, որը, մեր դեպքում, անմիջապես կապված է երկրի կառավարման մոդելի ու ռեսուրսները մոբիլիզացնելու կարողությունների հետ, արժեքային ու գաղափարական այն հիմքերի հետ, որից ձևավորվում է երկրի ազգաբնակչության կամքը՝ հասնելու հռչակված անկախության միջազգային ճանաչմանը:

Հիմնականում այս երկու ուղղություններից է ամբողջացել հարցերի այն շրջանակը, որը մենք դրել ենք սահմանադրական բարեփոխումների հիմքում:

- Որո՞նք են Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակները, ի՞նչ խնդիրներ են լուծվում նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններով։ Խնդրում եմ առանձնացնել մի քանի հիմնարար մոտեցումներ, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում։

-Սահմանադրությունը փոխելու, սահմանադրական կարգավորումները կատարելագործելու նպատակները բխում են այն նույն հիմքերից, ինչի մասին մենք արդեն խոսել ենք: Եթե խնդիր ունենք կատարելագործել պետական կառավարման համակարգը, հստակեցնել անվտանգության համակարգը ձևավորող մեր պետական ինստիտուտների լիազորությունները, եթե մենք կարիք ունենք մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ավելի ժամանակակից կառուցակարգերի սահմանման և կանգնած ենք դատական իշխանության, տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնությունն ու անկախությունն ուժեղացնելու գործընթացի շեմին և մեր նպատակն է ներքին ցնցումներից զերծ հասարակության կառուցումը, ապա, կարծում եմ, այս հիմքերն արդեն հուշում են, թե ինչ խնդիրներ են լուծվելու նոր Սահմանադրությամբ:

Այս իմաստով, գուցե պատահական չէ, որ մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը թեքվել է հօգուտ ուժեղ և կենտրոնաձիգ կառավարման համակարգի, որն արցախյան հասարակությունը տեսնում է նախագահական կառավարման մոդելի մեջ:

Այսքանով հանդերձ, շատ կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումներով երկրում պահպանվի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը:

- Պարոն Ղուլյան, Սահմանադրության նախագծով առաջարկվում է կառավարման կիսանախագահական համակարգից անցում նախագահական համակարգին։ Ինչո՞վ է պայմանավորված կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու որոշումը, նշանակո՞ւմ է սա, որ կիսանախագահական համակարգն արդյունավետ չէր և չի արդարացրել իրեն։

-Այստեղ անպայման պետք է հաշվի առնել այն ժամանակահատվածը, որի ընթացքում մենք իրականացնում ենք սահմանադրական բարեփոխումները: 2006-ին մենք գնացել ենք գործող կիսանախագահական կառավարման համակարգը սահմանադրական մակարդակով ամրագրելու ճանապարհով:

Այսօրվա ռազմաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ մեր հանրության մեջ գերակայում է կառավարման կենտրոնաձիգ համակարգ ունենալու գաղափարը, և դա ապացուցում է, որ ժամանակի գործոնը երկրորդական չէ այս կարգի հարցերում:

Ավելորդ չէ հիշել, որ հետխորհրդային տարածքի պետական կազմավորումներից շատերն, ի սկզբանե, գնացել են կիսանախագահական կառավարման համակարգ ներդնելու ճանապարհով: Հետագայում այդ նույն համակարգը սկսել է բացահայտել իր կոնֆլիկտային բնույթը և, պատահական չէ, որ մի շարք երկրներում նկատվել են կառավարման համակարգն ուժային եղանակով փոխելու միտումներ:

Ժամանակն այսօր աշխատում է կառավարման կոնկրետ ու ինքնաբավ համակարգերի օգտին, որը ենթադրում է անցում պառլամենտական կամ նախագահական համակարգերին:

-Ի տարբերություն նախագահական կառավարման դասական մոդելին, Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում ամրագրված է Ազգային ժողովի առջև նախագահի քաղաքական պատասխանատվությունը։ Նախագահն Ազգային ժողովի առջև քաղաքական պատասխանատվություն սովորաբար կրում է կառավարման խորհրդարանական համակարգում։ Ո՞րն է պատճառը, որ որոշվել է անցում կատարել կառավարման նման մոդելի։

-Կառավարման խորհրդարանական համակարգում Նախագահին ավելի հաճախ վերապահվում է իշխանության թևերի հավասարակշռությունը պահող արբիտրի դեր: Նախագահական կառավարման համակարգին նախապատվություն տալով՝ մենք օրակարգ ենք մտցրել այն հարցը, թե այս դեպքում ինչ մեխանիզմներ ու հակակշիռներ են գործելու, որպեսզի չխախտվի իշխանության թևերի հավասարակշռությունը:

Նոր Սահմանադրության նախագծում մեր առաջարկած լուծումները նույնիսկ ինչ-որ տեղ դուրս են դասական նախագահական կառավարման մոդելին հատուկ կարգավորումներից՝ կառավարման մյուս համակարգերից ներառելով հետաքրքիր բաղադրիչներ:

Նախագծով նախատեսվում է նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների համաժամանակյա անցկացումը, այսինքն՝ նույն տարում, նույն օրը: Այս հանգամանքը ենթադրում է, որ նախագահի ինստիտուտը ձևավորման պահից լուրջ հակակշիռ է ունենալու՝ ի դեմս խորհրդարանի: Ի տարբերություն դասական նախագահական համակարգի՝ նախատեսվում է, որ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել նախագահին, իսկ նախագահն էլ կարող է արձակել խորհրդարանը: Հենց նմանօրինակ «նորամուծությունները» պետք է մեզ օգնեն շրջանցելու այն բարդությունները, որոնք երբեմն մեկնաբանվում են որպես «սուպերնախագահական» մոդելի ընձեռած լիազորություններ:

- Գործող Սահմանադրության համեմատ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի և հիմնարար ազատությությունների ապահովման առումով նոր դրույթներ ավելացե՞լ են։ Եթե այո, կխնդրեի մանրամասնել՝ ինչ փոփոխություններ են առաջարկվում երկրում ժողովրդավարության սկզբունքներն ամրապնդելու ուղղությամբ։

-Նոր Հիմնական օրենքի նախագիծն աչքի է ընկնում բազմաթիվ փոփոխություններով ու լրացումներով և նույնիսկ թեթևակի համեմատությունը ակնհայտ է դարձնում այդ տարբերությունները. գործող Սահմանադրությունը կազմված է 12 գլխից և 142 հոդվածից, իսկ նոր նախագիծը, թեկուզ գլուխների քանակով նույնն է մնացել, սակայն հոդվածներով ավելացել է 31-ով: Այդ երեք տասնյակ նոր հոդվածներից 20-ը բացառապես վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին:

Մասնավորապես, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների բաժնում ավելացված հոդվածներից կառանձնացնեի՝ անձնական տվյալների պաշտպանությանը, ծնողների իրավունքների և պարտականությունների, երեխաների իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, պատշաճ վարչարարության իրավունքի, քաղաքական ապաստանի իրավունքի, հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի մասին հոդվածները:

Այս և չթվարկված մի շարք հոդվածներ կոչված են համալրելու ժողովրդավարական համակարգի բնականոն գործունեությունն ապահովող և մարդու իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսված սահմանադրական կարգավորումների շարքը:

- Ե՞րբ կավարտվեն Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները և ի՞նչ ժամկետներում այն կդրվի հանրաքվեի։

-Սահմանադրության նախագծի քննարկումները մի քանի փուլից է կազմված: Այս պահին ավարտում ենք հանրային քննարկումները, որից հետո նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին: Ամենայն հավանականությամբ, նախագահը, լրացուցիչ քննարկումների ձևաչափ կառաջարկի քաղաքական ու հանրային շրջանակների համար: Հաջորդ փուլում Սահմանադրության նախագիծը կուղարկվի խորհրդարան և, հավանաբար, մինչև այս տարվա վերջ օրենսդիր մարմնում կընթանան նախագծի քննարկումները:

Կարծում եմ, որ 2017թ. հունվարին մեզ համար պարզ կլինի, թե ինչ ժամկետներում տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն:

Հարցազրույցը` Շանթ Խլղաթյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am