Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ստամբուլում ՀՀ ԱԺ պատգամավորի հարցը մերկացրել է Թուրքիայի ահաբեկչական էությունը և զայրացրել Չավուշօղլուին

Ստամբուլում ՀՀ ԱԺ պատգամավորի հարցը մերկացրել է Թուրքիայի ահաբեկչական 
էությունը և զայրացրել Չավուշօղլուին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ Ստամբուլում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կորյուն Նահապետյանն իր հարցով մերկացրել է Թուրքիային` ներկայացնելով այն որպես ահաբեկչություն հովանավորող պետություն: Հայ պատգամավորի հարցը զայրացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Կորյուն Նահապետյանը, նիստի ժամանակ հարց ուղղելով Չավուշօղլուին, հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Կորյուն Նահապետյանը Չավուշօղլուին ուղղած իր հարցում մասնավորապես ասել է. «Թուրքիան, ձևացնելով, թե կռվում է ահաբեկիչների դեմ, իրականում սպանում է քրդերին` աջակցելով «Իսլամական պետություն» խմբավորմանը: Թուրքիան միակողմանիորեն փակել է սահմանները Հայաստանի հետ և անտեսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր ջանքերը: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում պաշտոնական Անկարայի ցանկացած միջամտություն միայն կվնասի դրան` Թուրքիայի միակողմանի դիրքորոշման և ցանկացած գնով Ադրբեջանին աջակցելու միտման պատճառով: Ադրբեջանի կողմից ԼՂ շփման գծում ապրիլի 2-5-ը սադրած իրադարձությունները և Թուրքիայի կողմից արված սադրիչ հայտարարությունը դրա վառ ապացույցն են: Այս պահին Թուրքիան իր զորքերն է տեղակայել երեք հարևան երկրում` դրանցից յուրաքանչյուրի դեպքում առանց տվյալ երկրի կառավարության համաձայնության: Իմ հարցն է` ինչպես է Թուրքիան տեսնում իր հարևանների հետ հարաբերությունների հետագա զարգացումը»:

Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե իրենք կողմ են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Նա մեղադրել է հայկական կողմին` իբր անարդար լինելու մեջ` ասելով. «Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ` Դուք Հայաստանից եք, ես թուրք եմ: Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է արդար լինել: Մանավանդ, եթե քաղաքական գործիչներ ենք: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկար տարիներ տեսել եմ, որ դժբախտաբար մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում: Ինչպե՞ս եք ասում, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին»:

Չավուշօղլուն արդարացել է` նշելով, որ Թուրքիան ձերբակալել և սպանել է մեծ թվով ԻՊ զինյալների` այդ հարցում օգնելով նաև եվրոպական երկրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am