Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ-թուրքական սահամանի բացումը Հայաստանից կախված չէ. Սերժ Սարգսյան

 Հայ-թուրքական սահամանի բացումը Հայաստանից կախված չէ. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐԵՄՆԵՊՐԵՍ: Հայ-թուրքական սահամանի բացումը Հայաստանից կախված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է «Ռոսիա սեգոդնյա»-ին «Sputnik Արմենիա»-ի համար տված հարցազրույցում` անդրադառնալով այն հարցին, թե հնարավորություն կա՞ բարելավելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

«Ցավոք, այդ հարցը նույնպես պետք է ուղղվի ոչ ինձ: Դեռ 2008 թ. մենք թուրքերին առաջարկեցինք հանրայնացնել այն բանակցային գործընթացը, որը դանդաղ էր առաջ գնում, և արդեն 2009 թ. հանգեցինք երկու արձանագրությունների ստորագրմանը։ Մենք Ցյուրիխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների երեք արտգործնախարարների ներկայությամբ ստորագրեցինք այդ երկու արձանագրությունները, բայց դժբախտաբար, որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել արձանագրությունները և փաստացի պատրաստ չեն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ առանց նախապայմանների։ Նրանք սկսեցին նախապայմաններ առաջադրել՝ Հայաստանը թող համոզի Լեռնային Ղարաբաղին, որ Ադրբեջանին հանձնեն թեկուզ մեկ, ինչպես իրենք էին ասում՝ «բռնազավթված» շրջան։ Այսինքն, անվտանգության գոտու մի մասը։ Այդ ժամանակ թուրքերը պատրաստ կլինեն հարաբերություններ հաստատել, բացել սահմանը։ Քանի որ մենք պայմանավորվել ենք, և երկու արձանագրությունների փաստաթղթերում հստակ գրանցված է, որ հարաբերություններ ենք հաստատում առանց նախնական պայմանների, այդ ժամանակ մենք ասացինք. «Կներեք, այդ մասին կարելի էր խոսել մինչև ստորագրումը, այսինքն, բանակցային գործընթացի ժամանակ»»,-ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով, դրանից հետո Հայաստանը Թուրքիայի հետ որևէ հարաբերություններ չունի։ Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե հանդիպում է լինում միջազգային համաժողովների ընթացքում, բարևում են միմյանց և վերջ։ Լրագրողի այն դիտարկմանը, թե ամեն դեպքում պետք է առաջ շարժվել, նախագահը դրական է արձագանքել:

«Իհարկե, իսկ ուրիշ ի՞նչ անել, ասեք։ Այո, մինչև 2009 թվականը մեր մի քանի բարեկամները խոսում էին այն մասին, որ մենք ունենք ցեղասպանության բարդույթ, որ մենք ուղղակի չենք ցանկանում ինչ-որ հարաբերություններ հաստատել թուրքերի հետ, քանի դեռ նրանք չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Բայց մենք գնացինք դրան։ Դուք հասկանում եք այն ժամանակ իմ վիճակը, երբ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով` հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ հազարավոր հայազգի քաղաքացիներ են դուրս գալիս և բողոքում, պահանջում են չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում, խնդրում։ Արդյունքում ստորագրեցինք, բայց նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում։ Էլ ի՞նչ անել։ Տեղի տալ և ասել. «Այո, եկեք անվտանգության գոտին հանձնենք Ադրբեջանին», իսկ Թուրքիան կբացի սահմանները։ Իսկ հետո՞։ Երեք ամիս, մեկուկես տարի, երեք տարի հետո կլինի ինչ-որ հակամարտություն, կրկին կփակի։ Դա կախված չէ մեզանից։ Ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ։ Այդ առումով մեզանից ոչինչ կախված չէ»,-հավելել է Հայաստանի ղեկավարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am