Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Մարդու իրավունքները և առողջապահությունը» խորագրով միջազգային համաժողով

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Մարդու իրավունքները և առողջապահությունը» 
խորագրով միջազգային համաժողով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում նոյեմբերի 7-9-ը կանցկացի «Մարդու իրավունքները և առողջապահությունը» համաժողովը, որը կհամախմբի իրավաբաններին, բժիշկներին, առողջապահության և առողջապահական իրավունքի ոլորտի ապագա մասնագետներին, ոլորտում գործող պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովի մասնակիցները կքննարկեն  ոլորտում առկա խնդիրները, պացիենտների և բուժաշխատողների իրավունքների, առողջության պահպանման իրավունքի պաշտպանության առկա մեխանիզմները, ինչպես նաեւ խնդիրների լուծման ուղիները:

Համաժողովին մասնակցելու են տարբեր երկրներից ժամանած մասնագետներ՝ Ղրղըզստան, Ղազախստան, Լատվիա, Մակեդոնիա, Միացյալ Նահանգներ եւ այլն:

Համաժողովի նախագահ, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով՝ համաժողովն առաջին անգամ է անցկացվում, եւ մտադրություն կա այն դարձնելու շարունակական:

«Համաժողովն իր առանձնահատուկ ներդրումն է ունենալու առողջության պահպանման իրավունքի իրացման և պաշտպանության ոլորտում, քանի որ դրա նպատակն է միջազգային և ներպետական մակարդակով քննարկել վերջին տարիների ընթացքում բժշկական օգնության և սպասարկման, առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված Հայաստանի և տարածաշրջանի երկրների ձեռքբերումները`  բարձրաձայնելով ոլորտում առկա խնդիրները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ թեպետ վերջին տարիներին ոլորտում արված մի շարք փոփոխություններին՝ խնդիրներ դեռեւս կան, որոնց լուծումները փորձելու են գտնել արտերկրից ժամանած գործընկերների հետ:

«Համաժողովի ընթացքում կներկայացվի օրինակ՝ քրեակատարողական հիմնարկների առողջական ծառայությունների արդիականացման ծրագիրը, հոգեկան առողջության, պալիատիվ կամ ամոքիչ օգնության ծրագիրը, որը նոր տեսակ է եւ վերաբերում է ցավային ախտանիշները մեղմելուն եւ կյանքի վերջին շրջանում գտնվող հիվանդների բուժօգնությանը: Մեկ կարեւոր շեշտադրում եւս. վերջին տարիներին շատ լուրջ տեխնոլոգիական զարգացումներ են տեղի ունենում.  տեղեկատվության փոխանակում, մարդու անձնական տվյալների, տեղեկատվական բազաների կիրառում ենք իրականացնում տարբեր ձեւերով առողջապահական ոլորտում:  Տեխնոլոգիաների հետ կապված՝ մենք լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունենք, այդուհանդերձ ակնկալում ենք, որ համաժողովը վեր կհանի ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր մասնակից երկրներում առկա խնդիրները»,-ընդգծեց Սուրեն Քրմոյանը:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը նշեց, որ դեռեւս շատ անելիքներ կան լիարժեքորեն զարգացած համակարգ ունենալու համար:

«Շատ եմ կարեւորում այն, որ համաժողովին մասնակցելու են մասնագետներ այն երկրներից, որտեղ առողջապահական իրավունքն ավելի զարգացած է, եւ հնարավորություն կստեղծվի իրականացնել փորձի փոխանակում, ինչ-որ բաներ վերցնենք մեզ ի գիտություն, առաջարկենք լուծումներ՝ թե՛ պրակտիկ, թե՛ օրենսդրական ոլորտներում»,-ասաց նա:

Իրավաբանը հատկապես շեշտադրեց, որ Հայաստանում քիչ են առողջապահական իրավունքի մասնագետները, եւ համաժողովի շրջանակում քննարկվելու է նաեւ այն հարցը, թե ինչպես անել, որպեսզի Հայաստանում ավելի շատ մասնագետներ լինեն եւ հետագայում ապահովեն իրենց զբաղվածությունը:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել են բուժհաստատություններում բժշկական ծառայությունների անմատչելիության, բուժանձնակազմի կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի մասին: Մեր այն հարցին, թե արդյոք այս հարցը նույնպես լինելո՞ւ է ուշադրության կենտրոնում, ՀԿ-ի նախագահը պատասխանեց.

«Համաժողովի ընթացքում, իհարկե, խոսելու ենք խոցելի խմբերի իրավունքների մասին, որոնց մեջ մտնում են հաշմանդամություն ունեցող անձինք: Ինչ վերաբերում է նշված խնդիրներին, այո, այդ մասով կան խնդիրներ: Մեր կազմակերպությունն էլ, աշխատելով ոլորտում, ծանոթ է այդ դեպքերին, երբ կա՛մ մերժում են բժշկական օգնություն տրամադրել այդ հիմքով, կա՛մ երբեմն գումար են պահանջում, երբ օրենքով վճար սահմանված չէ: Այդ հարցերը եւս բարձրացնելու ենք համաժողովի ընթացքում, քանի որ ներկա են լինելու նաեւ հենց խոցելի խմբերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններ: Խոսելու ենք այն մասին, թե ինչ անել եւ ինչպես տալ լուծումներ, եթե  ունենք օրենսդրությամբ սահմանված իրավունքներ, սակայն դրանք չեն իրացվում»,-եզրափակեց իրավաբանը:

Համաժողովին մասնակցելու համար գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է:

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am