Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գերմանացի լրագրողն ամոթալի է համարում Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված համերգի չեղարկումը

Գերմանացի լրագրողն ամոթալի է համարում Ստամբուլում Ցեղասպանությանը նվիրված 
համերգի չեղարկումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի լրագրող Յուրգեն Գոթշլիհն ամոթալի է համարել Գերմանիայի ԱԳՆ որոշմամբ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգի չեղարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողը նշել է Taz.de լրատվականում: 

Լրագրողը նշել է, որ հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի դաշնային կառավարությունը խոստացել էր անել ամեն բան Թուրքիայի և Հայաստանի միջև երկխոսությանն աջակցելու նպատակով:

Այդ նպատակին ծառայող ծրագրերից մեկն էլ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» խորագրով համերգն էր, որին մասնակցելու էին գերմանացի, հայ և թուրք երաժիշտներ: Կարևոր նախագիծը ֆինանսավորվում էր Եվրամիության և Գերմանիայի արտգործնախարարության կողմից: Պատահական չէ, որ հենց ԱԳՆ-ն էր առաջարկել Ստամբուլում գերմանական հյուպատոսությունը` որպես համերգի անցկացման վայր:

«Սակայն հերթական անգամ, ինչպես 1915-ին, երբ Գերմանիան Առաջին աշխարհամարտին Թուրքիայի դաշնակիցն էր, գերմանական կողմը զոհաբերեց հայերին ավելի կարևոր շահերի համար: Այն ժամանակ Գերմանիան ոչինչ չարեց ցեղասպանությունը կասեցնելու համար, իսկ հիմա դադարեցնում է հյուպատոսարանում նախատեսված համերգը, որը նվիրված է նույն այդ ցեղասպանությանը: Սա խայտառակ պահվածք է մի երկրի համար, որն այնքան բան գիտի ցեղասպանության և Հոլոքոստի մասին»,- նշել է լրագրողը:

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունում Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգին հրավիրված հյուրերի ցանկը չի համաձայնեցվել նախարարության հետ, այդ պատճառով էլ իրենք չեղյալ են համարել համերգը: Նա նշել է, որ համերգը կարող է կայանալ, բայց այժմ դրա համար անհամապատասխան պահ է ընտրված:

«Աղետ» ծրագիրը բաղկացած է Զեյնեթ Գեդիզիօղլուի (Թուրքիա), Վաչե Սարաֆյանի (Հայաստան) և Հելմուտ Օհրինգի (Գերմանիա) աշխատանքներից: Թուրքիայի Հանրապետությունը հայտարարել է ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրից հրաժարվելու մասին այն պատճառով, որ ծրագիրն աջակցում է «Աղետ» նախագծին: Նախագծին աջակցելու մասին հայտարարել է անգամ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Այս նախագիծը հրավիրում է հանդիսատեսին դուրս գալ ատելության աշխարհից: Ես վստահ եմ, որ միայն այն մարդիկ, ովքեր իմանում և ճանաչում են մյուսների երազներն ու տրավմաները, կարող են նպաստել պայծառ ապագայի հաստատմանը: «Աղետ» նախագիծն այս ճանապարհին ամենակարևոր հիմնաքարն է»,- նշել է Շտայնմայերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am