Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ 2017թ. գործունեության ծրագիրը

 Խորհրդարանը քննարկում է ՀԾԿՀ 2017թ. գործունեության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թ. գործունեության ծրագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախ հիշեցրեց, որ ներկայում հանձնաժողովի կարգավորման դաշտում են գտնվում էներգետիկայի, հեռահաղորդակցության, փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մասով, երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման վճարի սահմանման մասով, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննման անցկացման բնագավառները և ջրային ոլորտը: «Կարգավորվող ոլորտների իրավական դաշտի կարգավորումը՝ որպես պարբերական գործընթաց, հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկն է: Հանձնաժողովը 2017թ. շարունակելու է հետամուտ լինել կարգավորվող ոլորտներին վերաբերող իրավական ակտերի լրամշակման և կատարելագործման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև կարգավորման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրագործմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նազարյանը:

Նազարյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների հիման վրա հանձնաժողովը կնախաձեռնի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակումը, որի շրջանակում նախատեսվում է օրենքով ամրագրված՝ հանձնաժողովի անդամների նշանակման ընթացակարգի համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի «Կարգավորման անկախության բարձրացում» հաշվետվության հիման վրա մշակված՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների ոլորտում կարգավորման անկախության բարձրացմանն ուղղված իրավական 5 գործողությունների ծրագրին: Առաջարկվող փոփոխությունները հիմնականում կվերաբերեն հանձնաժողովի անկախության բարձրացմանը՝ միտված նրա ֆինանսավորման, հաշվետվողականության, հանձնաժողովի անդամների նշանակման նոր պահանջների ամրագրման, կառուցվածքային բարեփոխումների և սպառողներին առնչվող հարցերում նրանց առավել ակտիվ մասնակցության ապահովման խնդիրներին: Նշված գործընթացին կհետևի այլ օրենքներում փոփոխությունների կատարումը, ինչից հետո անհրաժեշտաբար փոփոխություններ կկատարվեն նաև հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերում:

Կարևորելով էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի աստիճանական ազատականացման, միջպետական առևտրի խթանման անհրաժեշտությունը և հաշվի առնելով միջազգային կառույցների առաջարկությունները՝ 2017 թվականի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ վերանայել «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ներդնելով էլեկտրաէներգետիկական շուկայի առավել արդյունավետ աշխատանքին ուղղված կարգավորման նոր գործիքներ:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ կարգավորվող ընկերությունների կողմից սպառողների սպասարկման որակի սահմանված ցուցանիշների ապահովման գործընթացը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում՝ ինչպես կարգավորվող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունների վերլուծության,  այնպես և տեղում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով: «Այս գործիքակազմի կիրառմամբ հանձնաժողովը մշտապես բարձրացնում է իրականացվող մոնիթորինգի արդյունավետությունը»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

Հանձնաժողովի գործառույթներից իր կարևորությամբ առանձնանում է էներգետիկայի բնագավառի կարգավորվող ընկերությունների կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ուսումնասիրության և համաձայնեցման գործընթացը, այդ թվում՝ ընկերությունների ներդրումային գործունեության արդյունքների վերաբերյալ համապատասխան վերլուծական տեղեկանքների կազմումն ու հրապարակումը: Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ Նշված աշխատանքների իրականացումը կարևորվում է սակագներում ներառման ենթակա ներդրումների օգտակար և օգտագործվող ծավալի որոշման, ներդրումների արդյունավետության գնահատման, այդ համատեքստում անարդյունավետ և ոչ հիմնավոր ներդրումների ծավալի բացահայտման և վերհանման առումով՝ սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագներում դրանք չներառելու սկզբունքից ելնելով: «Այդ նպատակով հանձնաժողովը յուրաքանչյուր տարի քննարկում և համաձայնություն է տալիս էներգետիկայի բնագավառի կարգավորվող ընկերությունների հաջորդ տարիների ներդրումային ծրագրերին, ինչպես նաև ամփոփում է նույն ընկերությունների նախորդ տարվա ներդրումային գործունեության արդյունքները և հրապարակում համապատասխան վերլուծական տեղեկանքներ»,- ընդգծեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am