Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ-լիտվական կապերն ամուր և անսասան են. դեսպան Մկրտչյանի հարցազրույցը

Հայ-լիտվական կապերն ամուր և անսասան են. դեսպան Մկրտչյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվական 15min.lt լրատվական կայքն ընդարձակ հարցազրույց է հրապարակել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ՝ ՀՀ Անկախոիթյան 25 ամյակին նվիրված կազմակերպվելիք մեծ համերգին ընդառաջ։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը։

-Ձերդ գերազանցություն պարոն դեսպան, Հայաստանն այս տարի տոնում է անկախության, ինչպես նաև Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների 25-րդ տարեդարձը: Կմանրամասնե՞ք, թե այս հոբելյաններն ինչ նշանակություն ունեն Ձեր և Ձեր երկրի համար:

-Անկախության 25-րդ տարեդարձը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար: Իհարկե, շատ ազգեր են տոնում 25-րդ տարեդարձ, սակայն յուրաքանչյուրն այդ 25 տարիները ներկայացնելու իր տեսլականն ունի: Մեր պարագայում այն միանգամայն «հասուն ազգի»՝ հայերի, երիտասարդ պետականությունն է խորհրդանշում:

Չնայած 1915թ. իմ ժողովրդի հետ պատահած մեծագույն ողբերգությանը, Առաջին Հանրապետության կարճատև անկախության կորստին հետևած բոլոր տառապանքներին և 2-րդ համաշխարհային պատերազմին, ի հեճուկս մեր անկախության վաղ փուլերն ուղեկցող դժվար իրավիճակների՝ մենք ապացուցեցինք, որ ի վիճակի ենք հաղթահարել դրանք. մենք ոչ միայն կարող ենք դիմակայել, այլև վերստին արարել և առաջ շարժվել՝ յուրահատուկ ներդրում ունենալով մարդկության զարգացման ճանապարհին:

Այս 25 տարիներն առանձնահատուկ նշանակություն են ունեցել նաև Հայաստան-Լիտվա հարաբերությունների համար. Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, և հենց Լիտվայի հետ է Հայաստանը կնքել իր առաջին միջազգային պայմանագիրը: Հայերն ու բալթյան ազգությունները անկախության շարժումները նախաձեռնողներն էին: Հայաստանի անկախության շարժումը ծնվել է Ղարաբաղյան շարժումից՝ 1988թ-ին. ղարաբաղյան խնդրի արդարացի կարգավորման գաղափարի շուրջ են համախմբվել Հայաստանում և սփյուռքում գտնվող միլիոնավոր հայեր՝ վերանայելու Ստալինի կողմից Սովետական Ադրբեջանին բռնակցելու 1921 թ․ որոշումը։ Մեկ տարի անց՝ 1989թ. օգոստոսի 23-ին  բալթյան երեք երկրներում միլիոնավոր մարդիկ անկախության վերականգնման հիմնական պահանջով խաղաղ ցույցի դուրս եկան, որը «Բալթյան ուղի» խորագրով է նշանավորվել: Ուղիղ մեկ տարի անց՝ 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանն իր անկախության հռչակագիրն ընդունեց, իսկ 1991թ. հունվարին «Հայոց համամազգային շարժման» պատվիրակությունը ժամանեց Վիլնյուս՝ արյունահեղությունը կանխելու նպատակով «Սայուդիս» շարժման և սովետական միության ուժերի միջև որպես միջնորդ հանդես գալու առաքելությամբ:

Վերոնշյալի համատեքստում անկախ Հայաստանի 25-րդ տարեդարձի տոնակատարությունն անկախ Լիտվայում յուրահատուկ նշանակություն ունի:

-Այս նշանակալի առիթով Վիլնյուսի «Կոնգրես» համերգասրահում նշանավոր հայ երաժիշտների մասնակցությամբ և հայ-լիտվական յուրատեսակ ծրագրով «Հայաստան և Լիտվա-25» խորագիրը կրող սիմֆոնիկ համերգ է տեղի ունենալու: Արդյոք դյուրի՞ն էր Ձեզ համար Լիտվայի  պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Գինտարաս Ռինկեվիչյուսի հետ համագործակցությունը:

-Մաեստրո Գինտարաս Ռինկեվիչյուսը ականավոր լիտվացի մտավորական է, որի հետ շփումն ինքնին ուղղակի մեծ պատիվ և հաճույք է: Նրա հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռնվեց մեկ այլ նշանավոր անհատականության՝ լիտվահայ տաղանդավոր օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի շնորհիվ, թեպետ պետք է ասեմ, որ մաեստրոն և նվագախումբը նախկինում արդեն մեկ անգամ կատարել են հայկական միջոցառման շրջանակներում: Այսպիսով, մենք արդեն ավանդական կապեր ենք ձևավորել այս տաղանդաշատ նվագախմբի հետ:

Ես մաեստրոյին առաջարկեցի հայ և լիտվացի երաժիշտների կատարմամբ ներկայացնել հայ և լիտվացի երգահանների ստեղծագործությունները՝ հաշվի առնելով, որ սա հենց մեր երկու ժողովուրդներին նվիրված իրադարձություն է: Արդյունքում, որոշվեց, որ համերգի մի մասը կղեկավարի մաեստրոն, մյուս մասը՝ հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, որն ի դեպ Կաունասի նվագախմբի դիրիժորն է և Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Լիտվայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է հայ մենակատարների հետ միասին: Մեր նշանավոր դաշնակահարներից Արմեն Բաբախանյանը  կատարելու է Առնո Բաբաջանյանի  «Հերոսական բալլադը», հրաշալի ստեղծագործություն, որի շնորհիվ ճանաչում է ձեռք բերել 20-րդ դարի մեծագույն հայ կոմպոզիտորներից մեկը: Համերգացանկում ներառված Խաչատրյանի «Սպարտակը» ճնշումների, ստրկության դեմ և հանուն ազատության պայքարող անհատի մասին է: Նշանավոր հայ բարիտոն և իմ ընկեր Գևորգ Հակոբյանը կատարելու է հայկական և այլ ստեղծագործություններ: Ես իսկապես երախտապարտ եմ Գևորգին այս իրադարձությանն լիակատար աջակցելու համար:

Երգացանկում ներառված է նաև շատ սիմվոլիկ նշանակություն ունեցող մի ստեղծագործություն. այն «Կովկասյան էսքիզներից» Իպոլիտով-Իվանովի սյուիտն է, որը հանրաճանաչ հայկական «Զեյթունցիների պարը»  ստեղծագործության փոխակերպումն ու գործիքավորումն է։ Պատմական Հայաստանի մաս կազմող Զեյթունը հայտնի է իր պանծալի ժողովրդով, որն անպարտելի էր ոչ միայն ի շնորհիվ լեռնային աշխարհագրական պայմանների, այլև ի շնորհիվ ազատության տենչող ոգու: Նրանց երգն իր հնչողությամբ հիանալի արտացոլում է ողջ էությունը, ասես անկրկնելի և հերոսական արշավանքի վառ նկարագիր լինի:

-Լիտվան և Հայաստանը երկարամյա հարաբերություններ ունեն 13-րդ դարից ի վեր: Ինչպե՞ս է զարգանում երկու երկրների համագործակցությունը: Ինչպե՞ս է իրեն դրսևորում Լիտվայի հայ համայնքը:

-Դուք ճիշտ եք, որ մենք հարյուրամյակների հարաբերություններ ունենք: Ես տպավորված եմ լիտվացիների՝ Հայաստանի պատմության վերաբերյալ ունեցած գիտելիքներով. նրանք գիտեն Հայոց հնագույն պատմությունը, նրանք մեր միջնադարյան գրականության, մշակույթի, մեր ընդհանուր կրոնի վերաբերյալ գիտելիքներ ունեն: Հայերին ճանաչող լիտվացիներն էլ կարող են հաստատել լիտվացիների նկատմամբ հայերի ունեցած սերն ու համակրանքը: Այս կապն իսկապես ամուր և անսասան է:

Հայերը Լիտվայում բնակվում են դեռևս միջնադարյան ժամանակաշրջանից: Այսօրվա հայկական համայնքը 1970-80-ականներից ի վեր տեղաբաշխված է տարբեր քաղաքներում՝ Վիլնյուսում, Կաունասում, Կլայպեդայում, Շյաուլյայում և այլն: Հայերը շուրջ 2000 են. կան նշանավոր արվեստագետներ, բժիշկներ, գործարարներ, մտավորականներ: Շատերը ճանաչված են Լիտվայի հասարակության կողմից: Նրանք իհարկե դյուրացնում են իմ աշխատանքը՝ իմ և ընտանիքիս ժամանման առաջին իսկ օրվանից լինելով մեր կողքին՝ բոլոր առումներով աջակցելու պատրաստակամությամբ. այսօր հայերն աջակցում են այս համերգի կազմակերպմանը, որի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում:

Սփյուռքի յուրաքանչյուր արհեստավարժ հայ յուրովի դեսպան է հայության համար, որովհետև անկախ բնակավայրից կենսական զարգացման հարցում ունեցած ներդրումով և լավ օրինակ ծառայելով՝ այդիպսով բարձրացնում են հայի կերպարն ու Հայաստանի համբավը: Այս գաղափարը ես կարող եմ առանց վարանելու վերագրել լիտվահայերին, որոնցով կարող եմ միայն հպարտանալ:

Հանուն անկախության բազմիցս պայքարած մեր փոքր և քրիստոնյա ազգերի միջև ընդհանրությունները շատ են: Համագործակցությունն այսօր լավ է ընթանում, թեպետ բարելավելու և ընդարձակելու համար բավական շատ նախադրյալներ կան: Հայաստանը Լիտվայի հետ հաջողությամբ համագործակցում է թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ձևաչափերում: Բազմակողմ ճակատում մենք շատ մոտ ենք «Շրջանակային համաձայնագրի» ստորագրմանը ԵՄ-ի հետ, որի կապակցությամբ Լիտվան մշտապես աջակցել է մեզ: Հայաստանը բազմիցս վերահաստատել է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու իր պատրաստակամությունը վերջինիս համար ընդունելի սահմաններում: Երկկողմ ձևաչափում առևտրաշրջանառությունը հետևողականորեն աճել է մեր երկրների միջև, որը ես՝ որպես Լիտվայում Հայաստանի դեսպան, միայն ողջունում ու խրախուսում եմ, ինչպես նաև լիովին աջակցում եմ: Մենք նաև զարգացնում ենք մշակութային դիվանագիտությունը, որի ակնառու օրինակ է հոկտեմբերի 11-ին նախատեսված համերգը:

Մշակույթը ազգերի հաղորդակցության լավագույն միջոցն է: Լինելով արվեստագետների ընտանիքից՝ աներկբայորեն հավատում եմ այդ գաղափարին: Մնացյալը, այդ թվում՝ առևտրաշրջանառությունը, առավել կայուն է դառնում, քանի որ դրա հիմքում ժողովուրդների միջև հարգանքն ու վստահությունն է, մի բան, որին կարող է առաջին հերթին նպաստել մշակույթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am