Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ուսուցչի օրը որպես օրացույցային տոն նշելը արժեքավոր ձեռքբերում է

Ուսուցչի օրը որպես օրացույցային տոն նշելը արժեքավոր ձեռքբերում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարգանքի է արժանի այն մարդը, ում ձեռքերում են նոր սերնդին գիտելիքով հարստացնելը: Թե ինչպիսի կրթական մակարդակ կունենա երկրի ապագան կերտող այսօրվա պատանին, կախված է ուսուցիչներից: Թեևս կյանքում ունեցած ձեռքբերումների համար մարդը պետք է պարտական լինի իրեն այդ հաջողություններին հասնելու համար գիտելիքներ մատուցած մարդկանց` ուսուցիչներին: Տարվա ընթացքում կա մի այդպիսի օր, երբ աշխարհի ավելի քան 100 երկրներում երախտապարտ են լինում այդ «շտեմարան մարդկանց». այդ օրը հոկտեմբերի 5-ն է` Ուսուցչի տոնը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի խոսքով` ուսուցչի օրը պետության մեջ որպես օրացույցային տոն նշելը շատ արժեքավոր է: Նրա կարծիքով, այդ տոնը նշելով, թվում է, թե պետությունը արժևորում է ուսուցչին և հասկանում է, որ հենց այս մարդիկ են երկրի վաղվա օրվա կերտողները:

«Օրացույցային օրվա բովանդակությունը, սակայն, այնքան ցուցադրական կողմեր ունի, որոնք բոլորովին չեն ոգևորում 40 հազարանոց ուսուցչական բանակին: Պետք է ուսուցչին վարձատրել, պահանջել, մշակել ձևեր, պետական մոտեցում` ստուգելու դպրոցի կառավարման որակը և գնահատելու ուսուցչի դասավանդման որակը: Դրան համապատասխան ուսուցիչն ու տնօրենը պետք է ստանան տարբերակված աշխատավարձ: Լավ ուսուցիչը պետք է ստանա աշխատավարձ, վատ ուսուցչին` քշել դպրոցից»,- նշեց  Անահիտ Բախշյանը:

Ուսուցիչներին նվիրված տոնը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականից։ Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001 թվականին հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը, որպես «Ուսուցչի տոն»: Հետագայում 2010 թվականի մայիսի 21-ի օրենքի Պ-911-21.05.2010-ԳԿ-010/0 լրացմամբ, այն տոնվում է հոկտեմբերի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am