ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ռազմական գործողությունների սրման և Հալեպում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:
«Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:
Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։
Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում