Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Յենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա հայ հանդիսատեսի առաջ

Յենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը  հանդես կգա հայ հանդիսատեսի առաջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-գերմանական մշակութային օրերի շրջանակում  հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի և ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը: Այդ առիթով լրագրողները հանդիպեցին ՀՀ մշակույթի նախարարի և Յենայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամների հետ: «Հաճելի է, որ մեր բեմում կներկայացվի եվրոպական բարձր մշակույթ: Կարծում եմ`մշակույթն այն միակ կամուրջն է, որը քաղաքակրթությունները միմյանց է կապում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Համերգը նվիրվում է Գերմանիայի վերամիավորմանը և ՀՀ անկախության 25-ամյակին:

«Գերմանացիներն իրենց մեղքն ունեն Հայոց Ցեղասպանության հարցում, սակայն Բունդեսթագի ընդունած բանաձևն ապացուցեց, որ մենք ընդունել ենք մեր մեղքը: Ես իմ բաց սիրտն եմ բերել Հայաստան և ցանկանում եմ ասել, որ Հայաստանը մենակ չէ»,-ընդգծեց Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մաթիաս Քիսլերի խոսքով` շատ կարևոր է մշակութային համագործակցությունը երկու երկրների միջև, և կայանալիք համերգը դրա բարձրակետն է:

«Առնչվել եմ հայ երաժշտությանը` Արամ Խաչատրյան, Կոմիտաս և այլք: Երջանիկ եմ, որ մեր նվագախումբը ելույթ է ունենալու հզոր մշակույթ ունեցող Հայաստանում»,-շեշտեց Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Տարդուեն:

Համերգային ծրագրում կներկայացվեն Բեթհովենի, Շումանի, Բրամսի և այլ հռչակավոր երաժիշտների ստեղծագործություններ:

Հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայ-գերմանական կապերի զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերին, նախարարության պատվոգրերով` «Արևելք-արևմուտք Վայմարի Դիվան» կազմակերպության ղեկավար, համերգային նախագծի հեղինակ Կլաուս Գալասին և նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ Տարդուեին:

Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարների հովանու ներքո: Այցի շրջանակում Յենայի պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա  Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երևանի և Գյումրու քաղաքապետների հետ, ինչպես նաև կայցելի «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան  հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարաններ, Գեղարդ վանական համալիր:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am