Հայկական իրավական կենտրոնն ուշադրության կենտրոնում է պահելու Արցախի խնդրին վերաբերող իրավական հարցերը
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր բացվող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ն ուշադրության կենտրոնում է պահելու Արցախի խնդրին վերաբերող իրավական հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի վարչության անդամ Կիրո Մանոյանը:
«Արցախի հարց ասելով պետք է չհասկանանք միայն արցախցիների կամ Ադրբեջանի քաղաքացի, բայց ազգությամբ հայ անհատների իրավունքը: Արցախի հարց ասելով պետք է դիտարկենք նաև Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քաղաքականությունը` իրավական դաշտում հետապնդելու համար: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այստեղ մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է կենտրոնացնել այդ ուսումնասիրությունները և հասկանալ, թե ինչ կարելի է անել: Արցախի հարցը ինչ-որ չափով ավելի նորություն է բերելու այն իմաստով, որ կան նախադեպեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Գիտենք, որ այնտեղ կան և հայերի կողմից հայցեր և կան, այսպես ասած, հակահայցեր: Այդ ամենը կուսումնասիրվի, և կտեսնենք, թե այլ ինչ նախաձեռնություններով կարող ենք հանդես գալ, օրինակ, Նախիջևանի խնդիրների վերաբերյալ և այլն»,-ասաց Կիրո Մանոյանը:
Կենտրոնն ազգային և միջազգային ատյանների ու հարթակների միջոցով փորձելու է հասնել Հայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծմանը և պաշտպանել Արցախի անկախության իրավունքը: Այն գտնվելու է Վաշինգտոնում, բայց աշխատելու է միջազգային ասպարեզում` ուշադրությունը սևեռելով հատուցման հասնելու համար բոլոր հնարավորություններին: Կենտրոնի վարչության անդամները թե՛ Հայաստանից և թե՛ սփյուռքահայ համայնքներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում