Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հերիկ. հրաշքով փրկված ու զարգացողը գյուղը

  Հերիկ. հրաշքով փրկված ու զարգացողը գյուղը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բերձորից 45 կմ հեռավորության վրա գտնվող Հերիկ գյուղում աշակերտներն արդեն նորակառույց դպրոցում են սովորում։ «Հայրենասեր» կազմակերպության ջանքերով կառուցված դպրոցը նպաստել է գյուղում նոր ընտանիքների վերաբնակեցման որոշում կայացնելուն։ «Արմենպրես»-ը ներկայացնում է արցախաբնակ Թամարա Գրիգորյանի ծավալուն հոդվածը գյուղի անցուդարձի վերաբերյալ։

Գյուղի մասին 

Հերիկ գյուղը Մոշաթաղ եւ Բերդիկ գյուղերի հետ մտնում է Մոշաթաղ համայնքի մեջ: Հերիկը գտնվում է Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից 45 կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արեւելք: Գյուղն ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ, 1991-92 թթ.: Գյուղի վերաբնակեցումն սկսվել է 1995-96 թթ.: Այդ տարիներին գյուղում եղել է 30 տնտեսություն: Վերաբնակեցումից հետո դեռ մի քանի տարի գյուղում էլեկտրականություն չի եղել, Հերիկ գյուղի երեխաները դպրոց չեն ունեցել:

Մի անգամ դատարկված ու նորից վերաբնակեցված Հերիկը 

Էլեկտրականության, դպրոցի բացակայության պատճառով Հերիկը 1999-2000-ական թվականներին սկսել է դատարկվել: Թվում էր, թե գյուղի կործանումն անխուսափելի է: Սակայն գյուղին վիճակված էր ապրել ու վերածնվել. գյուղում միայնակ մնացած Բակունց եղբայրների երկու ընտանիքները պահպանել ու հսկել են ամբողջ գյուղը, թույլ չեն տվել տներին ավերվել: Եվ այդ տները պետք է մի օր ծառայեին նոր վերաբնակիչներին:

2009-2010 թթ. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարության հատուկ որոշմամբ Հերիկն սկսվել է կրկին վերաբնակեցվել: Այստեղ տեղափոխվել են մի քանի ընտանիքներ, գյուղն ապահովվել է էլեկտրականությամբ:

«Հայրենասեր»-ի կողմից կառուցված դպրոցը՝ գյուղի զարգացման գրավական


Որոշ տարրական պայմաններով ապահովվելուց հետո էլ, սակայն, գյուղում առաջնային էր մնում դպրոցի հարցը: Հերիկ գյուղի երեխաները դասերն անց էին կացնում կիսախարխուլ ու խոնավ մի տան մեջ: Ծնողներն ամեն օր մտածում էին երեխաներին օր առաջ այդ դպրոցից, հետեւաբար՝ գյուղից հեռացնելու մասին: Շատ ընտանիքներ խուսափում էին վերաբնակվել Հերիկում՝ հաշվի առնելով հենց դպրոցի անմխիթար վիճակը:

Համայնքապետ Սիրակ Սողոմոնյանի խոսքով, շատերն էին թերահավատորեն նայում այն շենքի ավերակին, որը նախատեսվում էր վերակառուցել որպես նոր ու ժամանակակից դպրոց: Շատերը չէին հավատում ծրագրի հնարավոր լինելուն. ծրագրին, սակայն, հավատացին «Հայրենասեր» կազմակերպությունն ու իր նվիրատուները: Մի քանի ամսվա մեջ հնարավոր եղավ ավերակը վերածել հարմարավետ ու մաքուր դպրոցի: Այսօր արդեն նոր ընտանիքներ են գալիս գյուղ՝ հաշվի առնելով դպրոցի առկայությունը: «Սեպտեմբերի մեկին, մի ընտանիք տեղափոխվեց մեզ մոտ, երեք երեխա ունեն: Թուֆենկյան հիմնադրամն էլ որոշել է մեր գյուղում մի քանի բնակելի տներ կառուցել՝ հաշվի առնելով այն, որ մեր գյուղում արդեն ժամանակակից ու բարեկարգ դպրոց կա»,-տեղեկացրեց Սիրակ Սողոմոնյանը:

Հերիկում կառուցված դպրոցն այսօր դարձել է գյուղի լինելիության, զարգացման ու կայացման գրավականը:

Հերիկն այսօր


Հերիկում այսօր 12 տնտեսություն կա: Գյուղն այսօր լիահույս է ապագայի հանդեպ: Ծնողը տեսնելով իր երեխայի համար կառուցված դպրոցը, այլեւս չի մտածում նրան որեւէ տեղ տեղափոխելու մասին: Երեխան էլ այսօր մեծ ուրախությամբ է գնում մաքուր ու բարեկարգ, դեռեւս նախորդ տարի միայն երազանք թվացող դպրոց:

Գյուղի բնակիչները, ենթակառուցվածքների առկայության դեպքում, պատրաստ են ապրել ու աշխատել Հերիկում: Գյուղի դիրքը թույլ է տալիս մեծ ծավալով ցորեն, գարի մշակել, ինչով էլ գյուղացիները հիմնականում զբաղվում են:

Այսօր նաեւ բարեկարգվում են գյուղի ճանապարհները: Համայնքապետն ասում է, որ ճանապարհների բարեկարգման ընթացքում մի քանի խաչքարեր են հայտնաբերել, որոնք տեղափոխվել են գյուղում գոյություն ունեցող միջնադարյան եկեղեցու բակ:

Հերիկն ազատագրվել է հայ ազատամարտիկի կյանքի գնով, հայրենիքի այս հողակտորը սրբագործված է հայ զինվորի արյունով: Հերիկցիները սա քաջ են գիտակցում: Հենց այդ պատճառով ապրիլյան առաջին օրերին նրանք առաջիններից էին, որ մոռանալով տուն ու աշխատանք՝ կամավոր շտապեցին սահման: «Իհարկե, առաջինն ենք մեկնել, միայն Հերիկից 6-7, իսկ մեր ամբողջ համայնքից միասին՝ մոտ 45 հոգի մեկնել են առաջնագիծ ու ակտիվորեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Մեկնել ենք, քանի որ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչու ենք այստեղ ապրում», հպարտորեն ասում է համայնքապետ Սիրակ Սողոմոնյանը:

Նրա ձայնի մեջ վստահություն ու ուրախություն է զգացվում. համայնքապետն իսկապես ուրախ է կառուցված դպրոցի համար, ուրախ է, որ Հերիկ գյուղն այսուհետ ապրելու է լիարժեք կյանքով, ուրախ է, որ իր համայնքից ոչ թե մարդիկ հեռանալու են ու հեռացնեն իրենց երեխաներին, այլ ձգտելու են իրենց երեխաներին բերել այստեղ՝ մաքուր ու հարմարավետ դպրոցում սովորելու:

Հերիկն արժանի է լավագույն ապագայի եւ կունենա այն: 

Թամարա Գրիգորյան

 

«Հայրենասեր» կազմակերպություն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am