Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կարևորը ժամանակին և գեղեցիկ հեռանալն է. Ժակլին Սարխոշյան

Կարևորը ժամանակին և գեղեցիկ հեռանալն է. Ժակլին Սարխոշյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ պարուհի Ժակլին Սարխոշյանի «Հրաժեշտ բեմին» խորագրով համերգային ծրագիրը: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցեց պրիմա պարուհու հետ:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

- Ձեր կենսագրությանը ծանոթանալիս  պարզ է դառնում, որ և՛ գործնական, և՛ անձնական կյանքում բազմաթիվ խոչընդոտներ եք հաղթահարել: Ո՞րն է այն շարժիչ ուժը, որ ձեզ առաջ է մղել, օգնել ստեղծագործել:

-Միշտ ձգտում եմ կատարելության: Երբ ինչ-որ բան չի տրվում ինձ, ամեն ինչ անում եմ, շատ եմ աշխատում՝ լավագույնին հասնելու համար: Հավանաբար, անսպառ աղբյուր կա իմ մեջ, ինչու չէ, սերը կյանքի, աղջկաս,  սերն արվեստի, աշխարհի նկատմամբ: Գուցե հենց դա է ինձ ստիպում առաջ շարժվել և չհանձնվել:

-Ձեր աղջիկն ասում է, որ երբ դուք բարդ թռիչք եք կատարում, նա ձեզ համար տագնապում է, անգամ փակում աչքերը: Դուք մի՞շտ եք բեմում վստահում ձեր պարընկերոջը:

- Միայն առնետներից եմ վախենում... Չորս  տարեկանում հասկացա, որ պարը իմն է: Գեղասահք էի շատ սիրում. կարծում եմ՝ դա էլ դեր խաղաց, որ հավերժ  սիրահարվեմ պարարվեստին: Եվ, լինելով արհեստավարժ, վստահում եմ պարընկերոջս ու համարձակ մատուցում անգամ ամենաբարդ շարժումներն ու պահումները:

-Ի՞նչ կասեք  բալետային ոլորտում առկա խարդավանքների մասին: Ձեր նկատմամբ անարդար գտնվե՞լ են:

-Անարդարություն միշտ էլ եղել է, բայց ես երբեք չեմ պայքարել դրա դեմ. պայքարել է Աստված: Անգամ մասիկների մեջ ասեղներ եմ գտել, չարախոսել են, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձրել, քանի որ բեմ բարձրանալով՝ դու ցույց ես տալիս,թե ինչի ես ընդունակ. արժանի՞ ես լինել բեմում, թե ոչ: Կարծում եմ՝ պետք է մեծահոգի ու  բարի լինել:

-Կա՞ն պարուհիներ, որոնք ձեր մեջ շատ են տպավորվել:

 -Չեմ ցնցվել, սակայն հիացել եմ Պլիսեցկայայի դերակատարմամբ «Մեռնող կարապը» նայելիս, զմայլվել  Ուլանովայի Ջուլիետով, Զախարովայի Կարմենով: Ասում են՝  ամբողջ կյանքում սովորել է պետք: Նրանցից շատ բան եմ սովորել. կարդացել եմ Պլիսեցկայայի և այլ պարուհիների մասին, սակայն պարուհու իդեալ մինչ օրս չունեմ: Իմ իդեալները կերպարներն են: Կարողանում եմ վերցնել նրանցից այն ամենը, ինչ ինձ դուր է գալիս և հաճախ յուրովի մատուցում իմ հանդիսատեսին:

-Ո՞ր դերապարն է լիովին բացահայտել ձեզ հանդիսատեսի առաջ:

- Ֆրիգիայի դերը «Սպարտակ» բալետային ներկայացման մեջ: Երրորդ գործողության ադաջիոն շատ եմ սիրում, երբ իրադարձությունները վրանում են տեղի ունենում: Ուրեմն, «Սպարտակը»՝ դասական երկացանկում, իսկ նեոկլասիկ ոճում ինձ լիովին բացահայտել է «Երազ» ներկայացումը: Արվեստասեր հասարակությունը չէր սպասում նման կերպարանափոխման: Ես բեմում բոբիկ էի, կիսամերկ: Ինձ համար հաճելի էր, որ հանդիսատեսը հասկացավ ինձ: Շատերը նշեցին, որ ամեն ինչ գեղագիտորեն հաջող էր արված: Դա ինձ համար չափազանց արժեքավոր է:

-Առիթ եք ունեցել աշխատել հանրահայտ բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչի հետ: Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք իր հետ կապված:

-Գրեթե երեք ամիս համագործակցել ենք: Դրանք անմոռանալի ամիսներ էին: Ռուսական բալետային աշխարհում էինք գտնվում, մթնոլորտը հիանալի էր: Ռուսական դպրոցը յուրահատուկ ձեռագիր ունի,  այդ իսկ պատճառով «Սպարտակը» իմ վերելքն եմ համարում: Գրիգորովիչն ինձ նմանեցնում էր իր կնոջը՝  հիանալի պարուհի Նատալյա Բեսսմերտնովային, ով Ֆրիգիայի դերն առաջին կերպավորողներից է եղել: Նա ինձ հաճախ էր ասում. «Ты-как Наташа»: Ինձ համար ամենահիշարժան պահն այն էր, որ Գրիգորովիչը Մեծ թատրոնի  թանգարանից հատուկ ինձ համար բերեց Բեսսմերտնովայի հագուստը և ասաց, որ ես դրանով եմ պարելու: Նա նման բան դեռ չէր արել: Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ էր այդ հագուստով պարելը: Շատ հետաքրքիր էր, երբ իմ պարընկերոջը՝ Ռուբեն Մուրադյանին, բացատրում էր՝ ինչպես պահում իրականացնի:  Նստում էր առջևում և ասում. «Ռուբե՛ն, նայիր՝ ինչ ոտքեր են. դրանք պետք է շոյել վերից վար»: Այնուհետև պտտում էր ինձ ու հենում ուսին: Այդ ժամանակ ասում էի. «Ի՞նչ է, մինչև վերջ եք անելու պահումը»,-նա պատասխանում էր, որ  ինքը հաստատ չի մեռնի նման պահում կատարելով, և 83-ամյա բեմադրիչն ինձ վեր էր բարձրացնում:

-Երկու  տարի աշխատում եք Լիբանանում որպես պարուսույց: Ի՞նչ հաջողությունների եք հասել այս ընթացքում:

- 330 աշակերտ ունեմ. երեխաների մեծ մասը՝ հայեր: Ամենամեծ հաղթանակն այն է, որ 330 երեխայի կարելի է հավաքել մեկ բեմում և բեմադրել «Մոխրոտը»: Ինձ համար շատ հաճելի է, որ փոքր երեխաները նայում են մեծերին ու երազում նմանվել նրանց: 

-Ինչպե՞ս կայացրեցիք բեմից հեռանալու որոշումը:

-Վաղուց էի նման որոշում կայացրել: Չեմ ցանկանում ցած ընկնել, ուզում եմ մնալ այն հարթակի վրա, որին ինձ սովոր է տեսնել հանդիսատեսը: Կարևորը ժամանակին և գեղեցիկ հեռանալն է: Ես կարողանում եմ բեմադրություններ անել և աշխատել երեխաների հետ: Հիմա ինձ համար հետաքրքիր է այդ ուղղությունը: Երբ նրանց մոտ ինչ-որ բան ստացվում է,  շատ եմ ուրախանում: Քանի որ այլ զբաղմունք ունեմ, շատ չեմ ճնշվում: Հակառակ դեպքում գուցե իսկապես ցավալի լիներ:

-Ի՞նչ համարներ եք ներկայացնելու «Հրաժեշտ բեմին» համերգում:

-Կա մի հետաքրքիր դեր, որը ես վաղուց եմ ցանկացել պարել և, վերջապես, այս համերգին կներկայացնեմ այն: Համերգի մի հատվածում  «Երազ» ներկայացումն է, որի բեմադրիչը ես եմ: Այն  նեոկլասիկա է: Կարծում եմ, պետք է առաջ շարժվել և չդոփել տեղում: Ժամանակները հնարավորություն են տալիս  3 դ-ով համարներ ստանալ: «Երազ»  բեմադրության  մեջ ավազե անիմացիա կա: Ժամանակին համընթաց պետք է քայլել: Ժամանակակից սերնդին մոդեռնը շատ է գրավում, սակայն դասականը հիմքն է, և նրա  մասին երբեք պետք չէ մոռանալ: Համերգին կհնչի նաև Գ. Սվիրիդովի  «Ռոմանս»-ը: Երազում էի այդ երաժշտության տակ պարել և, վերջապես, ինքս բեմադրեցի 5 րոպե տևողությամբ համարը: Ներկա կլինի իմ ընկերուհիներից մեկը, ով փոփ ժանրում է ստեղծագործում: Նրա հետ համար ենք ներկայացնելու, և հուսամ՝ այն կարժանանա հանդիսատեսի հավանությանը:

-Կրկին մեկնելու եք Լիբանան: Վերադառնալո՞ւ եք Հայաստան:

-Հայաստան միշտ եմ գալիս: Հեռանում եմ մեծ բեմից, բայց ոչ բեմից ընդհանրապես: Հանդիսատեսն ինձ էլի կտեսնի: Պարելու եմ, գուցե, հենց իմ ներկայացումներում: Շատ կցանկանայի հայրենիքում պրոֆեսիոնալ դպրոց բացել, բայց դրա համար ժամանակ է պետք: 

Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am