Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կրթության նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ նորանշանակ տնօրենին

Կրթության նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ նորանշանակ տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն Դեբորա Գրիսերին, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարը, ողջունելով  հյուրերին` շնորհավորել է Դեբորա Գրիսերին և փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել  Հայաստանում իրենց առաքելության մեջ: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում USAID-ի ծավալած գործունեության, մասնավորապես ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության մակարդակը: «Ամերիկյան մի քանի ծրագրեր կան, որոնք ինձ համար կարևոր են ինչպես կրթության, այնպես էլ քաղաքական առումով, խոսքը վերաբերում է «Խաղաղության կորպուսի» հետ համագործակցությանը, որի գաղափարախոսության մեջ ամփոփված է ամերիկյան ժողովրդի ավանդական  հանդուրժողական և բազմաբևեռ մտածողությունը: Վերջերս ծանոթացա նաև «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության գործունեությանը, որի գաղափարախոսության հիմքը ևս ամերիկյան մտածողոթյունն է:  Խորապես համոզված եմ, որ Հայաստանում առկա է առաջին հերթին հասարակական  մտածողության փոփոխությունների անհրաժեշտությունը և վստահ եմ, որ այս ուղղությամբ շատ ծրագրեր համատեղ կյանքի կկոչենք»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է կրթության համակարգի  կարևոր մարտահրավերները` մասնավորապես առանձնացնելով հանրակրթության և բուհական համակարգերի բարեփոխումները: Հանրակրթության համակարգում նախարարն առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների պահպանման խնդիրը: Այս համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է փոքր դպրոցների պահպանման հայեցակարգի մշակումը:  Անդրադառնալով բարձրագույն կրթության բարեփոխումների անհրաժեշտությանը` նախարարն ընդգծել է այդ գործընթացում կրթության որակի ապահովման գործոնը: Նա շեշտել է համալսարանական կրթության ինքնավարության բարձրացման հարցը` ընդգծելով  կառավարման խիստ կենտրոնացված լինելու հանգամանքը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  քայլեր է ձեռնարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում` փորձելով  բեռնաթափել  կառավարման կենտրոնացվածությունը: «Մեր առաջնահերթություններն են կրթության որակի բարելավման ապահովումը,  համալսարանական կրթության ինքնավարության բարձրացումը և համակարգի կառավարման արդյունավետությունը»,-նշել է նախարարը և հույս հայտնել, որ  բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության նոր օրենքի ընդունմամբ բազմաթիվ հարցեր կկարգավորվեն:  
 Նախարարը պատվիրակության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ  Համաշխարհային բանկի  վարկային ծրագրերը կրթության կառուցվածքային խնդիրների լուծմանը մեծապես նպաստելուց հետո պետք է ուղղվեին  բովանդակային խնդիրների լուծմանը: Խոսելով կրթության համակարգում ներկայում ՀԲ վարկային ծրագրով  իրականացվող հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքների մասին` Լևոն  Մկրտչյանը  ցանկություն է հայտնել ՀԲ-ի հետագա վարկային միջոցներն ուղղորդել կրթության որակի բարձրացման ծրագրերին, որոնք կնպաստեն  բարձրագույն կրթության և ավագ դպրոցի բովանդակության և որակյալ կրթության ապահովմանը:
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրն ընդգծել է.«Կրթության և գիտության նախարարության հետ մեր ամուր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների վրա, որոնցից մեկն էլ այն է, որ կրթությունը մարդու իրավունք է, որը կենսական ու առանցքային դերակատարում ունի անհատի և սոցիալ-տնտեսական զարգացման հարցում: Միացյալ Նահանգների համար երեխաների իրավունքների պաշտպանությունը ևս շարունակում է մնալ գերակա խնդիր, ինչը կիսում են նաև մեր գործընկերներն այստեղ՝ Կրթության և գիտության նախարարությունում ու Հայաստանի կառավարության մյուս օղակներում: Պատրաստ ենք շարունակել մեր գործընկերությունը այս և այլ կարևոր հարցերի շուրջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am