Տնտեսություն

Հովիկ Աբրահամյանը հայ-իրանական ազատ տնտեսական գոտու հիմնումը համարում է տնտեսության զարգացման նոր հնարավորություն

2 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանը հայ-իրանական ազատ տնտեսական գոտու հիմնումը համարում է տնտեսության զարգացման նոր հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու հիմնումը նոր հնարավորություն կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար: «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Սոչիում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի վերջին հանդիպման ընթացքում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի տարածաշրջանում, ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին: Սա շատ կարևոր ծրագիր է, որը զարգացման նոր հնարավորությունն է բացում մեր տնտեսության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այդ ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանային զարգացման ապահովման առումով: «Այդ տնտեսական գոտին լինելու է Մեղրիի տարածաշրջանում: Գիտեք, որ մեր առաջնահերթ խնդիրներից է նաև տարածաշրջանային զարգացումը, և տնտեսական գոտու հիմնումը էականորեն կնպաստի Մեղրիի տարածաշրջանի զարգացմանը: Կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբացվեն նոր հնարավորություններ»,- ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ ծրագիրը հնարավորություն կտա Իրանի, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնել ազատ տնտեսական գոտում, արտադրություն կազմակերպել և առանց մաքսատուրքերի արտահանել դրանք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում