Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գարո Փայլանը հեղաշրջման փորձն Էրդողանի բռնապետության հետևանքն է համարում. ԲԱՑԱՌԻԿ

Գարո Փայլանը հեղաշրջման փորձն Էրդողանի բռնապետության հետևանքն է համարում. 
ԲԱՑԱՌԻԿ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հետ:

- Պարոն Փայլան, երեկ պայթյունների հետևանքով լրջորեն տուժել է Թուրքիայի Մեջլիսի շենքը: Տեղեկություններ ունե՞ք արդյոք թե այդ պայթյունների հետևանքով պատգամավորներ, մասնավորապես հայ պատգամավորներից որևէ մեկը տուժել է, թե ոչ:

- Ոչ մեզնից ոչ մեկ չի տուժել, մենք շենքում չէինք: Երեկ պատգամավորները Մեջլիսում չէին, սակայն տեղեկություններ կան, որ առաջին պայթյունից հետո որոշ պատգամավորներ գնացել էին, այնուամենայնիվ, հայ պատգամավորներից որևէ մեկն այնտեղ չէր: Վնասվել է շենքի տանիքը, սակայն որևէ պատգամավոր չի տուժել:

- Կապ հաստատե՞լ եք հայ համայնքի հետ: Տեղեկություններ կա՞ն արդյոք` համայնքից տուժածներ կան, թե ոչ: Արդյոք համայնքային շենքերը վնասվել են, թե ոչ:

- Ոչ, որևէ մեկը համայնքից չի տուժել, քանի որ իրադարձությունները տեղի չէին ունենում հայկական թաղամասերում: Ես նրանցից տեղյակ եմ, որևէ մեկը չի տուժել:

- Անդրադառնանք հիմնական թեմային: Հեղաշրջման փորձի առնչությամբ մեղադրանքներ հնչեցվեցին գյուլենական շարժման ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:

- Անշուշտ, գյուլենական շարժում նշանակալի է, սակայն այս հեղաշրջման փորձի մեջ ներգրավված էին հազարավոր զինվորներ, ուստի դա չէր կարող լինել միայն գյուլենական շարժումը: Սա հիմնականում զինվորականների նախաձեռնությունն էր: Իհարկե, կառավարությունը ցանկանում է այս հեղաշրջման փորձը որակել որպես գյուլենական, քանի որ դա նրանց հնարավորություն կտա ազատվելու բոլոր ընդդիմադիր զինվորականներից, դատավորներից և բոլոր նրանցից, ովքեր դեմ են Էրդողանին:

- Մանրամասնեք մի փոքր, խնդրում եմ, Ձեր կուսակցության դիրքորոշումը տեղի ունեցած վերաբերյալ:

- Թուրքիան երբեք ժողովրդավարական չի եղել, ուղղակի մենք որոշ ժամանակ ունեինք խաղաղության գործընթացի, որի ընթացքում ժողովրդավարության որոշ դրսևորումներ եղան, սակայն, ցավոք, անցած տարվա հունիսի ընտրություններից հետո Էրդողանն իրականացրեց «պալատական հեղաշրջում»: Նախևառաջ նա ազատվեց խորհրդարանից, հիմա հենց նա է տալիս բոլոր հրահանգները խորհրդարանին: Չունենք անկախ դատական համակարգ ու օրենքի գերակայություն: Այս պայմաններում երկիրն ամբողջությամբ ղեկավարում է Էրդողանը և գործում է որպես բռնապետ:

Ուստի այս պայմաններում, երբ չկան ժողովրդավարական գործընթացներ, երբ խորհրդարանն անտեսվում է, զինվորականներն ուժ են ձեռք բերում: Զինվորականները ազատ գործողություններ էին իրականացնում քրդական բնակավայրերում: Էրդողանը զինվորականներին անձեռնմխելիություն էր տվել` դրանք իրականացնելու համար: Այս ուղին բացելու պարագայում մի օր զինվորականները պետք է սպանեին քրդերին, իսկ մյուս օրը կարող էին ուղղել իրենց զենքերը քո դեմ: Հենց դա էլ տեղի ունեցավ երեկ: Զինվորականներն ուղղեցին իրենց զենքերը կառավարության դեմ: Միաժամանակ պետք է հասկանալ, որ հիմա Էրդողանն օգտագործելու է տեղի ունեցածը ընդդիմությունից ազատվելու համար:

- Ձեր նկարագրածից կարող ենք նաև եզրակացնել, որ զինվորականների այն պնդումները, որ իրենք պատրաստվում են վերականգնել ժողովրդավարությունը հիմնավոր էին: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:

- Հիմնականը խնդիրը հետևյալն է՝ եթե զինվորականները քո գործընկերներն են, նրանք ցանկացած օր կարող են այդ զենքերն ուղղել քո դեմ, քանի որ նրանց ձեռքում է ուժը: Իսկ մեր՝ քաղաքական գործիչների խնդիրը իշխանությունը ժողովրդավարական համակարգին փոխանցելն է, իսկ մենք այստեղ մեկ տարուց ավելի է, ինչ չունենք ժողովրդավարական համակարգ: Սակայն մի բան էլ պետք է ասեմ երեկվա հեղաշրջման փորձը բավականին սիրողական էր: Ուստի իմ մտահոգությունն այն է, որ հետախուզական ուժերը գիտեին այդ մասին և ճանապարհ բացեցին, որ դա տեղի ունենա և իրենք հնարավորություն ունենան ազատվելու իրենց հակառակորդներից: Դա էլ հավելյալ հնարավորություն կտա առավել դյուրին կերպով գործողություններ ձեռնարկել գյուլենականների և Էրդողանին ընդդիմացողների դեմ: Սա իմ մտահոգություններից մեկն է:

Հարցազրույցն` Արմեն Ղազարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am