Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի 344 հեռավոր գյուղերում բնակիչները կշարունակեն օգտվել անվճար ինտերնետից

Հայաստանի 344 հեռավոր գյուղերում բնակիչները կշարունակեն օգտվել անվճար ինտերնետից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում կշարունակվի անվճար ինտերնետ ծառայության տրամադրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն հնարավոր է դառնում ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների, «Յուքոմ» ընկերության և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շնորհիվ: Հունիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հուշագիրը ստորագրեցին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակներում 2014 թվականին Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (WiFi երթուղիչ) սարքեր և մեկ տարի նշված գյուղերի բնակիչներին տրամադրվել է անվճար ինտերնետ: Ծրագրի իրականացման արդյունքում նշված վայրերում արձանագրվել է ինտերնետ օգտագործողների թվաքանակի աննախադեպ աճ: Թե երիտասարդների, թե մեծահասակների կողմից դրական արձագանքները նպաստել են ծրագրի շարունակականության համար:

«Յուքոմ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հովանավորչական հիմունքներով ծրագրում ներառված ու ընկերության 3G ծածկույթում գտնվող գյուղական համայնքներում անլար երթուղիչ սարքերի միջոցով անհատույց հիմունքներով շարունակել ապահովել ինտերնետի տրամադրումը:

Նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` պետություն-մասնավոր համագործակցության այս ձևաչափը կարող է խթան լինել նմանատիպ նոր ծրագրերի իրականացման համար: «Հետագայում կքննարկենք ու կփորձենք այլ բնակավայրերում ևս նման լուծումներ գտնել: Բանակցություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Յուքոմ» ընկերությունն առնվազն երեք տարի նշյալ համայնքներում անվճար ինտերնետ կմատուցի»,-հայտնեց նախարարը:

ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ կարևորում են նշյալ ծրագրի իրագործումը հատկապես համայնքներում էլեկտրոնային կառավարման գործընթացին հիմնարար աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից: Նա հույս հայտնեց, որ այլ համայնքներում ևս ինտերնետի բավարար հասանելիություն և կապի որակ կապահովվի:

«Յուքոմ»-ի տնօրեն Հայկ Եսայանը նախաձեռնության համար շնորհակալություն հայտնեց Էկոնոմիկայի նախարարությանը` շեշտելով, որ այս ծրագիրը բխում է երկրի որդեգրած ռազմավարությունից: «Մենք շատ ենք կարևորում գյուղական վայրերում կապի առկայությունն, ու որպես օպերատոր մեր առջև խնդիր ենք դրել որակյալ ծառայությունների մատուցումը: Սա իր ազդեցություն կունենա Հայաստանում աշխարհագրական փոխկապակցվածության վրա»,-ասաց Եսայանը: Նա վստահեցրեց, որ երեք տարին նվազագույն ժամանակահատվածն է, որ նշյալ համայնքներին կապահովեն ինտերնետ հասանելիությամբ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գնահատմամբ` ծրագրի առնչությամբ մարդկանց ոգևորությունն ու ինտերնետի կիրառման ծավալն ապացուցել են, որ ճիշտ որոշում է կայացվել: «Հուսով ենք` ծրագրում ներառված գյուղերի քանակը կավելանա, ինչն էլեկտրոնային հասարակության ու տեխնոլոգիական զարգացման կարևոր խթան կհանդիսանա»,-ավելացրեց Ենգիբարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am