Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը` արտապատվիրման ամենազարգացած կենտրոն և նորարարական հաբ տարածաշրջանում

Հայաստանը` արտապատվիրման ամենազարգացած կենտրոն և նորարարական հաբ 
տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ճանաչելիությունը բարձրանելու և այն ներդրումների և աութսորսինգի կենտրոն դարձնելու նպատակով Երևանում անցկացվում է ՏՏ համաժողով: Միջոցառմանը մասնակցում են ՏՏ ոլորտի միջազգային, հայկական կայացած և սկսնակ ընկերությունների ներկայացուցիչներ, բուհերի ղեկավարներ, հարակից ոլորտների անդամներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաժողովին ոլորտի առաջատար մասնագետների կողմից քննարկվում են «Ինչու Հայաստան», «Հայաստանի ՏՏ ոլորտի ներկա հաջողություններն ու ապագան, «Հայաստանը որպես ՏՏ արտապատվիրման ռազմավարական կենտրոն», «Հայաստանը որպես տարածաշրջանային ՏՏ և նորարարական հաբ» թեմաները: Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նախ խոսեց Հայաստանի ներդրումային գրավչության, ապա նաև ՏՏ ոլորտի զարգացումների մասին: «Բարենպաստ ներդրումային ու գործարար միջավայրը, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացումը և այդ ոլորտներում առկա մրցակցային առավելությունները հանդիսանում են հիմական գործոններ, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում ներդրողների համար: ՀՀ ներդրումային քաղաքականությունն իրականացվում է ազատական սկզբունքների հիման վրա` նպատակաուղղված Հայաստանի ինտերգրմանը համաշխարհային տնտեսությանը: Հայաստանում գործում են առևտրային արտոնյալ ռեժիմներ, աշխատուժը բավականին կրթված ու որակավորված է, արտահանումը չի հարկվում, չկան արտահանման քանակական սահմանափակումներ: Բացի այդ` Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շարքում`տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով»,-նշեց վարչապետը:

Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մրցակցային առավելություններին` Աբրահամյանն ընդգծեց, որ դրանք բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով և գործարար հմտություններով օժտված կադրերն են, ցածր գործառնական ծախսերը, խոշոր վերազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձը, մտավոր սեփականության պաշտպանության միջազգային չափանիշներին համապատասխան իրավական դաշտը: «Մեր հիմնական նպատակն է ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան տեղեկատվական և հեռահաղորդակցական ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ  ոլորտի ու տեղեկատվական հասարակության զարգացումը: Այսօր Հայաստանում ՏՏ ոլորտը հետ չի մնում համաշխարհային տնտեսության զարգացումներից. իրենց սեփական արտադրանքը մշակող և գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքների ոլորտում ներդրումներ կատարող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է: Հայաստանն այս ոլորտի օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման շուկա լինելուց զատ, դառնում է տեխնոլոգիական զարգացման շուկա»,-հայտնեց Հովիկ Աբրահամյանը:

Նա նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց հայկական ՏՏ արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է: «Արտահանվող ապրանքների 79 տոկոսն ուղղվում է ԱՄՆ և Կանադա, 10.8 տոկոսը` Եվրոպա, 8.8  տոկոսը` Ռուսաստան և ԱՊՀ երկրներ»,-հավելեց գործադիրի ղեկավարը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկելու են ոլորտում առկա չորս հիմնական բացերն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը: «Համաժողովի ժամանակ կխոսվի, թե ինչպես պետք է Հայաստանը ներկայանա աշխարհին, ինչպես խորհրդատվական ընկերությունները գործեն, ինչ ռեսուրսներով, քանի որ այսօր ռեսուրսների սահմանափակման հարցեր կան»,-ասաց Կարեն Վարդանյանը: Անդրադառնալով ոլորտի բացերին` Վարդանյանը նշեց, որ որակյալ կադրերի խնդիրն է, պետության կողմից հայկական արտադրանքի օգտագործումը, ձեռներեցության զարգացումն ու հայկական ՏՏ ապրանքանիշի աշխարհում առաջխաղացումը:

«Էրնսթ Ընդ Յանգ» ընկերության Նյու Յորքի գրասենյակի ՏՏ խորհրդատու Էմմա Առաքելյանը շեշտեց, որ իրենք կազմակերպել են հատուկ նշանակություն ունեցող համաժողով` փորձելով ներգրավել տարբեր շահագրգիռ կողմերի: «Այս համաժողովն առանձնահատուկ է, քանի որ բոլոր շահագրգիռ կողմերն այստեղ են հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեկ աստիճան ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Մեր հիմնական թիրախը Հայաստանն ամենազարգացած ՏՏ արտապատվիրման երկիր դարձնելն է»,-ասաց Էմմա Առաքելյանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Միջոցառման հովանավորն ու կազմակերպիչն է «Էրնսթ Ընդ Յանգ» ընկերությունը, կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը:  

 

Անի Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am