Երևանյան բեսթսելեր 4/17. Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»: Վեպը Ուայլդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին, անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքի տեսքով տպագվել է միայն 1891 թվականի ապրիլին:
Երկրորդ հորիզանականում գտնվող «100 տարվա մենություն» վեպը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն Գաբրիել Գարսիա Մարկեսի ամենաճանաչված երկերից մեկն է, որ նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոցը» այս շաբաթ երրորդ տեղում է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներքնաշխարհ ուղեկցողը, ինչի արդյունքում հերոսը գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։
Ջորջ Օրուելի «1984» հանրահայտ հակաուտոպիական վեպը չորրորդն է վարկանիշային աղյուսակում: 1949 թ.հրատարակված այս վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ Վեպում պատկերված է ալտերնատիվ արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984-ին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների մասին։
Հինգերորդ տեղում է Խորխե Լուիս Բորխեսի «Բաբելոնյան գրադարան»-ը: Գրքում ներառված են XX դարի մեծագույն գրողներից մեկի պատմվածքների ժողովածուներից հինգը, որոնք ներկայացնում են հեղինակի ինքնատիպ խոհերը և ընթերցողին տեղափոխում ֆանտաստիկ մի աշխարհ, որը զերծ է ամեն կարգի պայմանականություններից: Բորխեսը կարողանում է ֆանտաստիկան հասցնել փիլիսոփայության մակարդակին և մետաֆիզիկան ու աստվածաբանությունը իջեցնել ֆանտաստիկայի մակարդակին: Իսպաներենից թարգմանել են Հովհաննես Բոդուկյանը և Կառա Չոբանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:
Վեցերորդ հորիզոնականում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքն է: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ:
«Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն այս շաբաթ իջել է յոթերորդ հորիզոնական: Այն աշխարհում ամենաշատ ընթերցված գրքերից է: Պատմության գործողությունները ծավալվում են լաբիրինթոսի մեջ, որտեղ չորս հերոսներն առերեսվում են փոփոխության հետ, և յուրաքանչյուրը ցուցաբերում է յուրօրինակ վարքագիծ. դրանով հեղինակը ներկայացնում է մեր իսկ վարքագիծը: Գրքի հեղինակը՝ դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը սակայն ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Ութերորդը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» այս շաբաթ իններորդն է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Վեպն առաջին անգամ տպագրվել է 1958 թ: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:
Վարկանիշային աղյուսակի տասներորդ տեղում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2013) Լևոն Անանյանի «Նամակ թուրք գրողին» գիրքն է, որում 15 լեզուներով ամփոփված են գրողի խոհերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 13 | |
2 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 9 | |
3 | 0 |
Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոցը» |
Անտարես | 8 | |
4 | * |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 | |
5 | նոր |
Խորխե Լուիս Բորխես «Բաբելոնյան գրադարան» |
Անտարես | 5 | |
6 | +1 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ | 6 | |
7 | -1 |
Սպենսեր Ջոնսոն «Ո՞ւր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 6 | |
8 | +1 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 6 | |
9 | -1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 6 | |
10 | -9 |
Լևոն Անանյան «Նամակ թուրք գրողին» |
Ապոլոն | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Լուսինե Ղազարյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում