Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռումինահայերը ողջունում են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը

Ռումինահայերը ողջունում են Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 
բանաձևի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ հունիսի 3-ին հայտարարությամբ է հանդես եկել Ռումինիայի Հայոց միությունը` ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի ղեկավարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ռումինիայի Հայոց միությունը ողջունում է Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման մասին 2016թ. հունիսի 2-ի Գերմանիայի Բունդեսթագի գրեթե միաձայն որոշումը: Սա միջազգային լայն անդրադարձ ունեցող պատմական քվեարկություն է: Այս քվեարկությունը խորը իմաստ ունի, առավել եւս, որ այս որոշումով Բունդեսթագը ընդունում է այն փաստը, որ Գերմանիան առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր պատասխանատվությունն է ունեցել այն իրադարձություններն սկսելու ու իրականացնելու մեջ, որոնք գործնականում հանգեցրել են երեքհազարամյա քաղաքակրթություն ունեցող Անատոլիայի հայերի վերացմանը: Գերմանիայի այս բացառիկ դիրքորոշումը բացահայտ կոչ է Թուրքիային` հրաժարվելու ժխտողական վերաբերմունքից եւ իր հերթին ընդունելու Օսմանյան կայսրության կողմից համակարգված գործողությունների միջոցով իրենց իսկ տարածքում էթնիկ հայ բնակչության ոչնչացման փաստը:

Շարունակելով Հայոց ցեղասպանություն 100-րդ տարելիցի հիշատակման առիթով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոահիմ Գաուկի դեռեւս անցյալ տարվա հայտարարությունը` Բունդեսթագի որոշումը միաժամանակ հիշատակի տուրք է գերմանական ժողովրդի այն զավակներին, որոնք եղել են հայ դատի աջակիցները եւ ում պարտական ենք 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին ցնցող վկայությունների համար: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է քարոզիչ Յոհաննես Լեփսիուսին ու զինվորական բժիշկ Արմին Վեգներին: 

Ռումինիայի Հայոց միությունը հույս է հայտնում, որ այս քվեարկությունը Ռումինիայի խորհրդարանում նույնպես քննարկումներ առաջ կբերի, ինչին կհաջորդի նմանատիպ մի բանաձեւ: Ռումինիան պետք է հետեւի Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի եւ ԵՄ-ի երկրների մեծամասնությանը` ճանաչելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված վայրագությունները համապատասխանում են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի սահմանմանը»:

Բանաձեւի ընդունման կապակցությամբ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Ռումինահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը` նույնպես կոչ անելով Ռումինիայի խորհրդարանին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Ռումինահայերը երախտագիտություն են հայտնում Գերմանիային սկզբունքային որոշման համար:

Բունդեսթագի բանաձեւին լայնորեն արձագանքում են նաեւ ռումինական լրատվամիջոցները, ներկայացնելով բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի ջղաձիգ քայլերը եւ սպառնալիքները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am