Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Պերմյակովի գործով վկան պատմել է նրա փախուստի, հայտնաբերման, բազայից դասալքությունների մասին

Պերմյակովի գործով վկան պատմել է նրա փախուստի, հայտնաբերման, բազայից 
դասալքությունների մասին

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Գյումրիում կես ժամ ուշացումով մեկնարկեց Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը`որպես վկա հրավիրված, պահեստազորի գնդապետ, 102-րդ ռազմաբազայի թերթի խմբագրության պատասխանատու-քարտուղար Աշոտ Կարապետյանի ցուցմունքներով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` նա, ներկայացնելով դեպքի օրվա մանրամասները, նշեց, որ ռազմաբազայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարից ցուցում է ստացել զեկուցել ռազմական ոստիկանություն այն մասին, որ զինվորը ինքնակամ լքել է իր հենակետը` տանելով ինքնաձիգն ու փամփուշտներ:

Վկան անմիջապես զանգահարել է ռազմական ոստիկանություն, սակայն այնտեղից տեղեկացրել են, որ տվյալ պահին բաժանմունքում մարդ չկա և խորհուրդ են տվել տեղեկացնել քաղաքային ոստիկանություն` զինվորի դասալքության մասին:

Երբ սահմանապահ ջոկատի կողմից Պերմյակովին կրկին բերել են բազա, Կարապետյանը հնարավորություն է ունեցել տեսնել ու զրուցել Պերմյակովի հետ: «Հարցրեցի` ինչու ես սպանություն կատարել: Առաջին անգամ ոչ մի բան չասաց, միայն վերացական նայեց, երկրորդ անգամ հարցնելուց հետո ասաց` ես ոչ մի բան չեմ հիշում, չեմ պատկերացնում` ինչպես կարող էի դա անել»,-պատմեց Աշոտ Կարապետյանը:

«Այդ ընթացքում հեռուստացույցը միացրած էր ու գովազդ էր, Պերմյակովը նույնիսկ քմծիծաղ տվեց, պատկերացրեք` ոճրագործություն կատարողը ծիծաղեց»,-նշեց վկան:

Փաստաբան Լուսինե Սահակյանի այն հարցին, թե դասալքության դեպքեր զորամասում շա՞տ են լինում, վկան նշեց, որ շատ են լինում, բայց առանց ինքաձիգի ու 2-3 ժամ հետո հայտնաբերվում են:  Պատահել է նույնիսկ, որ 5-6 ժամ անց են հայտնաբերվել, բայց բոլորն առանց ինքնաձիգի, իսկ ինքնաձիգով դասալքության դեպքեր եղել են, բայց ոչ իր ծառայության ընթացքում, իսկ Կարապետյանը ծառայել է 33 տարի:

Ի դեպ, երբ Պերմյակովին բերել են բազա, վկայի հիշելով, դեմքը կարմրած է եղել, վկան հարցրել է` ինչու է կարմիր, հո չեն ծեծել, ասել է` ոչ ձյան մեջ եմ պառկած եղել:

Վալերի Պերմյակովի գործով դատական գործընթացում այսուհետ Ավետիսյանների իրավահաջորդ, նրանց ընտանիքի դուստր Անահիտ Կոշտոյանի շահերը կպաշտպանի փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Արամազդ Կիվիրյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am