Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Հորիզոն-2020»-ին մասնակցությունը հայկական գիտության առջև բացում է լայն հնարավորություններ

«Հորիզոն-2020»-ին մասնակցությունը հայկական գիտության առջև բացում է լայն 
հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցության համաձայնագրի ստորագրմամբ հայկական գիտության առջև բացվում են լայն հնարավորություններ՝ իրականացնելու գիտական բազմաթիվ ծրագրեր ու հետազոտություններ: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման բանակցությունները սկսվել էին 2013 թվականի հուլիսից: «Հորիզոն-2020»-ին Հայաստանի մասնակցությունը հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրանտներին հնարավորություն կտա մասնակցել գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող ամենաառաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցություններին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից: Այն թույլ կտա բարձրացնել նաև տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրով հայկական գիտությունն ասոցացվում է Եվրոպական գիտական հանրությանը: Դրա շրջանակում հայաստանյան կազմակերպությունները այսուհետ կկարողանան նախաձեռնել և նույնիսկ համակարգել Եվրոպական հետազոտական խորհրդի դրամաշնորհային ծրագրերը: «Հորիզոն-2020»-ին կարող են մասնակցել գիտահետազոտական կենտրոնները, ինստիտուտները, համալսարանները, տեղական և տարածաշրջանային իշխանությունները, փոքր և միջին ձեռնարկությունները և այլ կազմակերպություններ: Ըստ Հարությունյանի՝ «Հորիզոն-2020»-ի ընդհանուր ֆինանսական ծավալները կազմում են շուրջ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար: «Ծրագրին մասնակցելու տարեկան անդամավճարը կազմում է 5 մլն եվրո, սակայն բանակցությունների արդյունքում Հայաստանը ստացել է 87 տոկոսի զեղչ և տարեկան վճարելու է միայն 450 հազար եվրո: Համոզված եղեք, որ այս գումարն առաջիկա 1-2 տարիների ընթացքում մի քանի անգամ ավելի հետ է վերադառնալու»,- ասաց Հարությունյանը:

Ծրագրի միջոցով ֆինանսավորվելու են գիտական հետազոտությունների, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարության, նոր տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության խթանման բնագավառների հայտեր: «Եթե մինչ այժմ Հայաստանը մասնակցել է «Հորիզոն-2020»-ին միայն երրորդ երկրների շարքում, այսինքն՝ հայաստանյան իրավաբանական և ֆիզիկական անձինք չեն օգտվել ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, ապա համաձայնագրի շնորհիվ ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների համար նախատեսված պայմաններով»,- նկատեց Գիտության պետական կոմիտեի նախագահը:

«Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցության համաձայնագիրը ստորագրվել է ընթացիկ տարվա մայիսի 19-ին Բրյուսելում: Այն ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասը:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am