ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթնաժողովը բեկումնային է լինելու. Ստոլտենբերգ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաքում կայանալիք գագաթնաժողովում բեկումնային որոշումներ են ընդունվելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեհական ռադիոյում մայիսի 22-ին հրապարակված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը բեկումնային է լինելու,- ասել է նա:- ՆԱՏՕ-ն հանգուցային որոշումներ կընդունի այն մասին, թե ինչպես է հարմարվելու անվտանգության ոլորտի նոր իրադրությանը»:
«Մենք պետք է ամրապնդենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Եվրոպայի արեւելյան մասում, դա կլինի բազմազգ ներկայություն: Այդպիսով, մենք հստակ ազդանշան կտանք, որ մի երկրի վրա հարձակումը կդիտվի գրոհ ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ»,- նշել է գլխավոր քարտուղարը:
«Դաշնակիցներից մի քանիսը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, արդեն հայտարարել են, որ լինելու են նրանց առաջին շարքերում, ովքեր կամրապնդեն այդ ուժերը»,- նշել է Ստոլտենբերգը՝ չհայտնելով մանրամասներ, քանի որ, նրա խոսքով, զինվորականների ու փորձագետների հետ համաձայնեցումների գործընթացը դեռեւս ավարտված չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում