Անթիլիասի կաթողիկոսարանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված դասախոսություն է անցկացվել
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում անցկացվել է դասախոսություն, որին ներկա է եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսության լրատվական ծառայությունից, դասախոսությամբ հանդես են եկել Լիբանանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, ՄԱԿ-ի ակադեմիայի անդամ Լեյլա Նիքոլա Ռահպանին, թուրքագետ, Լիբանանի համալսարանի թուրքերենի և պատմության դասախոս, Լիբանանի խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի խորհրդական Մոհհամեդ Նուրետտինը:
Լեյլա Նիքոլա Ռահպանին անդրադարձել է Միջին Արևելքի երկրներում վերջին տասնամյակների քաղաքական վայրիվերումներին՝ կենտրոնանալով 2011թ. բռնկված «Արաբական գարնան» շարժառիթների և հետևանքների վրա: Այս համատեքստում Ռահպանին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանի քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակին, ծրագրված գաղտնի կամ բացահայտ պատկերացումներին ու ծրագրերին:
Մոհամմեդ Նուրետտին անդրադարձել է Թուրքիայի քաղաքական դաշտում տիրող իրավիճակին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միապետական քաղաքականությանը: Նա ընդգծել է, որ այս ընթացքում Թուրքիայում հետզհետե ավելանում են ազգայնական տրամադրությունները, ինչի հետևանքով անտեսվում են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հույների և այլոց իրավունքները: Նա անդրադարձ է կատարել նաև Թուրքիայի կողմից հայկական հարցի ուրացման քաղաքականությանը, միմյանց հաջորդող թուրքական վարչակարգերի հակահայ և հակահունական քաղաքականությանը:
Դասախոսության ավարտին բանախոսների և մասնակիցների միջև տեղի է ունեցել օգտակար քննարկում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում