Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բեռլինի սրտում կանգնեցվել է խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Բեռլինի սրտում կանգնեցվել է խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի Սուրբ Հեդվիգի տաճարի հարևանությամբ ապրիլի 23-ին Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ձեռամբ օծվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Այդպիսով իրականացավ գերմանահայերի վաղեմի ցանկությունը՝ Բեռլինում ևս կանգնեցնելու հիշատակի կոթող:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայրաքաղաքի սրտում վեր հառնող հուշարձանի բացմանը ներկա են եղել Բունդեսթագի փոխնախագահ Փեթրա Փաուն (Ձախերի կուսակցություն), Բեռլինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հայկական համայնքային միավորումների անդամներ:

Օծումն իրականացվել է էկումենիկ ծեսով, որին ներկա են գտնվել Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասերի կաթոլիկ եկեղեցու դիվանապետ Թոբիաս Պրչուտարսկին և տարածաշրջանի Բողոքական եկեղեցու առաջնորդ Ուլրիքե Թրաութվայնը: Բացման խոսքով հանդես է եկել Գերմանահայկական ընկերակցության նախագահ դոկ. Րաֆֆի Քանթյանը եւ ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վերջինս իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ հուշարձանը, վեր խոյանալով Գերմանիայի պատմության թանգարանի առջև, հնարավորություն կտա հատկապես երիտասարդ սերնդին առճակատվելու Օսմանյան կայսրության պատմության այս հատվածի հետ:

Դեսպանը շեշտել է, որ պատմության այդ հատվածը համընդհանուր եվրոպական հիշողության մի մասն է: Արարողությունն իրականացվել է Նարեկացու և Կոմիտասի ստեղծագործությունների ներքո, գերմանուհի դուդուկահար պրոֆ. Կարոլինա Այսլեր էլ ներկաներին հրամցրել է դուդուկի հնչյուններ:

Սուրբ Հեդվիգի տաճարում, Գերմանահայկական ընկերակցության ջանքերով 1919 թվականի մայիսի չորսին անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին պատարագը Գերմանիայում, որին մասնակցել են Վայմարյան Հանրապետության պաշտոնյաներ և օտարերկրյա դիվանագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]