Հասարակական

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Փրկության քարտեզ» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

5 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությանը նվիրված  «Փրկության քարտեզ» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ միսիոներ կանանց մասին պատմող «Փրկության քարտեզ» ֆիլմի հաղթարշավը կշարունակվի ԱՄՆ-ում: Կինոնկարը մայիսի 13-ից կցուցադրվի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց կինոնկարի մտահղացման հեղինակ, գլխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանը:

«Հայ ժողովրդին աջակցած, բազմաթիվ կյանքեր փրկած եվրոպացի հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմությունները ներկայացնող «Փրկության քարտեզ» ֆիլմը շարունակվում է ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում՝ արժանանալով բարձր գնահատականների հայ և հատկապես այլազգի հանդիսատեսի կողմից: Ֆիլմն արդեն մեծ հաջողությամբ ցուցադրվել է Հայաստանում, Ավստրիայում, Իրանում, Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Կանադայում: Մայիսի 13-ից այն ցուցադրվելու է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի MGN.Five Star Cinema կինոթատրոնում»,-նշեց Մանվել Սարիբեկյանը:

Կինոնկարի մտահղացման հեղինակի խոսքով` հունիսին ֆիլմի ցուցադրություններ կանցկացվեն նաև Լիբանանի և Նյու Յորք նահանգի մի շարք քաղաքներում:

«Ֆիլմի մասին իրենց բարձր գնահատականներն ու հիացմունքն են արտահայտել հայ և այլազգի ճանաչված պատմաբաններ, գրողներ, կինոգործիչներ, արվեստագետներ և այլք: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից ֆիլմի մասին տրված եզրակացության մեջ,արժանի գնահատականից բացի, հատուկ նշված է,որ ի տարբերություն մինչ այսօր նկարահանված որոշ ֆիլմերի, «Փրկության քարտեզ»-ը պատմագրության առումով զերծ է սխալներից և անճշտություններից, քանի որ ֆիլմի աշխատանքներին մասնակցել են 8 երկրների 13 ճանաչված խորհրդատուներ»,-շեշտեց Մանվել Սարիբեկյանը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը հավելեց. «Ինչպես նշել է պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և այլք, ֆիլմն ուղղված չէ միայն հայ հանդիսատեսին: Այն դիվանագիտորեն և բարձրաճաշակ ձևով կառուցված է հիմնականում այլազգի հանդիսատեսի համար: Արդյունքում, գուցե, և ֆիլմը խթան հանդիսանա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` այլ երկրների ժողովրդների և իրենց կառավարությունների մակարդակով»:

Այժմ ֆիլմն, անգլերենից բացի, թարգմանված է նաև հայերեն,ռուսերեն և ֆրանսերեն: Բացի այդ, ֆիլմերի վարձույթով զբաղվող Ռուսաստանի «Պարադիզ» ընկերության հետ պայմանագիր է կնքվել: Այն, որպես ֆիլմի դիստրիբյուտոր, կիրականացնի կինոնկարի ցուցադրումները և վաճառքը ԱՊՀ և Մերձբալթյան երկրներում, ինչպես նաև Վրաստանում, Հարավային և Հյուսիսային Օսեթիայում: Ֆիլմը ներկայացված է 2015-ի ՀՀ Նախագահի մրցանակի մրցույթին:

Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին: Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարը նկարահանվել է 10 երկրի 29 քաղաքներում: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա),Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:

Ֆիլմի ստեղծմանն իրենց ֆինանսական մասնակի աջակցությունն են ցուցաբերել Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ և սփյուռքում գտնվող հայկական և տեղի մի շարք կազմակերպություններ, անհատներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում