Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է զոհվել

ԼՂՀ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է 
զոհվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, ինչի հետևանքով նոր զոհ է գրանցվել: Այս մասին «Արմենպերս»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հայտարարության մեջ նշվում է. «Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ նույնը: Հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ: Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարևելյան  (Թալիշ-Մարտակերտ), արևելյան  (Մարտունի) և հարավային  (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև 82 մմ-ոց  (3 արկ), 60 մմ-ոց  (12 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ  (16 արկ):

Հատկանշական է, որ հակառակորդի կողմից ինչպես այս գիշեր, այնպես էլ վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաև կորուստներ: Ապրիլի 14-ի գիշերը ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Մանվել Արմենի Գևորգյանի դեպքը դրա ապացույցն է:

Հաշվի առնելով այս հանգամանքը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց մարտական խնդիրները կատարում են իրադրության զարգացման համահունչ և վստահորեն իրականացնում Արցախի սահմանների պաշտպանությունը: Առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ