Երևանյան բեսթսելեր 4/8. Հայ ընթերցողը նախընտրում է Կոելյու
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Երկրորդ հորիզոնականում է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն էր:
Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» երրորդն է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ:
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, վեցերորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն յոթերորդ հորիզոնականում է:
Ջորջ Օրուելի «1984» վեպը ութերորդն է: Այն լույս է տեսել Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Պաուլու Կոելյուի «Անհավատարմություն»-ը իններորդն է: 2014 թվականին հրատարակված այս ստեղծագործությունը «Ալքիմիկոսի» հեղինակի վերջին գործերից է: Վեպի հերոսուհին 31-ամյա լրագրող Լինդան է: Բոլորը կարծում են, որ նա հրաշալի կյանք ունի` սիրող ամուսին և երեխաներ, լավ աշխատանք: Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է ու հեշտ:
«Աքրայում գտնված ձեռագիրը» Պաուլու Կոելյուի՝ արդեն ճանաչելի գրողական ձեռագրի ու ոճամտածողության հերթական ուշագրավ դրսևորումն է, որտեղ հեղինակը կրկին շեշտը դնում է հավերժական արժեքների քարոզման ու գեղեցիկ մեկնաբանության վրա՝ մարդու մեջ դրանք պահպանված տեսնելու ցանկությամբ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 15 | |
2 | -1 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 13 | |
3 | * |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 12 | |
4 | * |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 12 | |
5 | -1 |
Պաուլո Կոելյու «Ալքիմիկոսը» |
Անտարես | 9 | |
6 | +3 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 9 | |
7 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը» |
Բուկինիստ | 9 | |
8 | -3 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 9 | |
9 | * |
Պաուլու Կոելյու «Անհավատարմություն» |
Անտարես | 8 | |
10 | * |
Պաուլու Կոելյու «Աքրայում գտնված ձեռագիրը» |
Անտարես | 8 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում