Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԼՂՀ և ՀՀ ավելի քան 520 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանին

ԼՂՀ  և ՀՀ ավելի քան 520 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 
Եվրոպական խորհրդարանին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը ապրիլի 11-ին համատեղ կոչով դիմել է Եվրոպական խորհրդարանին, որում, մասնավորապես, անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին և չորս հիմնական պահանջ ներկայացրել այդ առնչությամբ: Եվրոպական խորհրդարանին ուղղված համատեղ կոչը ստորագրել են Արցախի և Հայաստանի ավելի քան 520 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ, ովքեր պատերազմական գործողությունների ողջ ընթացքում աշխատել են շփման գծում, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարներ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից, ներկայացված ծավալուն փաստաթուղթը Եվրախորհրդարանի պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների ու պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա` հատուկ ընդգծելով ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի կանխամտածված և հարձակողական  բնույթը, ուղղված քաղաքացիական բնակչության դեմ` ներառյալ երեխաների և ծերերի: «Անհնար է պատկերացնել որևիցե հիմնավորում, որը կարող է արդարացնել խաղաղ բնակչության նկատմամբ նման վայրենի վերաբերմունքը»,- ասված է փաստաթղթում, որում նաև նշված  է ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի, և ևս երկու վիրավորված դպրոցականներ մասին։  Նշվում է նաև Արցախի Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված, խեղված և սպանված Խալափյան ընտանիքի երեք անդամների դեպքը:

«Ի դեմս այլ վայրագությունների՝ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ Հայկ Թորոյանը, Հրանտ Ղարիբյանը և Քյարամ Սլոյանը գլխատվեցին և ենթարկվեցին ԴԱԻՇ-ին հարիր սահմռկեցուցիչ կտտանքների: Ադրբեջանական բանակի գործողությունները կոպտորեն խախտում են մարդասիրական կոնվենցիաները, հակասում պատերազմի օրենքներին և սովորույթներին, ինչպես նաև դուրս են ամեն տեսակ քաղաքակրթական նորմերից»,- վկայակոչում է փաստթուղթը:

 Համատեղ կոչով հանդես եկած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմը, որը ներկայացված է տարբեր հասարակական-քաղաքական ճամբարներից 215 ՀԿ-ներով,  ցուցաբերել են աննախադեպ միասնականություն իրենց դիրքորոշման հարցում, հայտարարելով իրենց անվերապահ աջակցության մասին: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները, նրանց Եվրոպական խորհրդարանից պահանջել են.

 ·        «խստորեն դատապարտել Ադրբեջանի՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և վերջինիս բնակչության իրականացրած վայրագությունները և պատերազմական հանցագործությունները,

  •       խստորեն դատապարտել Թուրքիայի և Իսլամական համագործակցություն կազմակերպության կոչերը ուղղված Ադրբեջանին, որով նրանք հորդորում են վերջինիս շարունակել ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության,
  •       վերահաստատել, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը խաղաղ բանակցություններն են և
  •       կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերականգնել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության կարգավիճակը որպես բանակցությունների լիիրավ կողմ»:

 «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ЕuFoA) միջազգային կազմակերպությունը հպարտ է այս նախաձեռնության մասը լինելու համար և պատիվ ունի փոխանցելու այս կոչը Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ ապրիլի 12-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին լսումներին ընդառաջ»։

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության  հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների և ազգային փոքրամասնությունների համատեղ կոչն՝ ուղղված  Եվրոպական խորհրդարանին» փաստաթուղթը՝ ամբողջական տեքստով և ստորագրած կազմակերպությունների ցանկով հասանելի է այստեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am