Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լատվիացի խորհրդարանականը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Լատվիացի խորհրդարանականը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել 
Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 9-ին հանդիպել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Սերգեյ Պոտապկինին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում է միջազգային սկզբունքներին հակասող գործողություններ՝ ահաբեկչական քայլեր կատարելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Իսկ Թուրքիայի իշխանություններն անթաքույց են խոսում Ադրբեջանին աջակցելու եւ պաշտպանելու մասին:

Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը, քանի որ մեր պետությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակիցն է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է իրացնելու ինքնորոշման իր իրավունքը: Նա հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի բանականությունը, եւ միջազգային հանրությունը կհասկանա, որ մարդկային կյանքն ավելին է, քան զենքը եւ գումարը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երբ աշխարհում խոսեն օրենքները, զենքերը կլռեն, եւ կվերականգնվի պատմական արդարությունը:

Սերգեյ Պոտապկինն իր խոսքում նշել է, որ հակամարտության սրացման ընթացքում որոշել է այցելել Հայաստան եւ ծանոթանալ իրավիճակին: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի իրական պատկերը, ոչ թե ծանոթանա դրան մամուլից: Լատվիացի պատգամավորի խոսքով՝ անընդունելի է, երբ ռազմական ագրեսիայից տառապում է խաղաղ բնակչությունը: Այս առումով խաղաղության վերահաստատումն առաջնահերթ խնդիր է, եւ հակամարտության սրացումները չեն նպաստում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:

Հիշեցնենք, որ առավոտյան լինելով Եռաբլուր պանթեոնում՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ տպավորված է եւ կիսում է վերջին օրերին զոհված զինվորականների հարազատների ծանր վիշտը:

Նույն օրը Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Սերգեյ Պոտապկինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am