«Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային բաց փառատոնը ազդարարում է հայտերի ընդունման մեկնարկը
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտ Ֆեստ-2016» երիտասարդական միջազգային բաց փառատոնի հայտերի ընդունման մեկնարկը տրված է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային բաց փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնակցության հայտը հնարավոր է լրացնել առցանց (online)` փառատոնի պաշտոնական կայքում www.artfest.am, որի շնորհանդեսը տեղի է ունեցել վերջերս: Կայքում զետեղված են «Արտ Ֆեստի» պատմությանը, աշխատակազմին, մասնագիտական հանձնախմբին, մասնակցության կանոնակարգին վերաբերող տեղեկատվություն:
Մասնակցելու հնարավորություն ունեն 16-30 տարեկան երիտասարդ ստեղծագործողները և ստեղծագործող խմբերը: Կքննարկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական և ուսանողական աշխատանքները։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 11-ը:
«Արդեն իսկ փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։ Լիահույս ենք, որ այս տարի մեկ տանիքի ներքո կհամախմբենք Հայաստանի և արտերկրի ստեղծագործ երիտասարդներին»,-նշել է «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային բաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:
Հունիսի 3-10-ը ստեղծագործ երիտասարդները «Արտ Ֆեստ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ «Արտ Ֆեստ»-ը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները:
Փառատոնը մրցութային է: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրությունները, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով:
2013-ին առաջին անգամ կազմակերպված «Արտ Ֆեստ» փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը: 2014-ին մասնակիցների թիվը հատեց 200-ը: 2015թ. «Արտ Ֆեստ» փառատոնին մասնակցեց շուրջ 350 ստեծագործող երիտասարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում