Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

«Հայոց գրերի երթ» նախագիծը նպատակ ունի խթանել զբոսաշրջության զարգացումը


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց գրերը` նոր մեկնաբանությամբ և նոր ձևավորմամբ: Մատենադարանի հարևանությամբ գտնվող Մաշոտոցի 51 հասցեից մինչև Սարմենի հատող փողոց տանող մասում գտնվող պատին տեղադրվել են հայոց այբուբենի տառերը: Հունվարի 15-ին տեղի ունեցավ«Երևան 2.0» քաղաքային ինկուբատորի «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի բացումը:

««Երևան 2.0» քաղաքային ինկուբատորը իրականացնում է քաղաքային ծրագրեր: Դրանք շարքում «Հայոց գրերի երթ»-ն էր: Մենք բացահայտեցինք այս պատը, որը երկար ժամանակ աղտոտվում էր, դարձել էր վանդալիզմի զոհ: Եվ այդ ամենը`մեր գրապահոց Մատենադարանի հարևանությամբ: Այդ խնդիրը բարձրացվեց, և որոշվեց լուծում տալ այնպես, որ երեկոյան ժամերին պատը լուսավորվի: Ցանկացած տառի տակ կա տեղեկատվություն այդ տառի պատմության, զարգացման մասին, որը կարելի է ստանալ QR կոդի միջոցով»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ`նշեց imyerevan.com կայքի տնօրեն և «Հայոց գրերի երթ» նախագծի հեղինակ Գայանե Մանուկյանը:

Նա շեշտեց, որ նախաձեռնող խումբը քննարկումներ է անցկացրել, անցորդների շրջանում հարցումներ իրականացրել նման նախագիծ կյանքի կոչելուց առաջ: «Տառերի էսքիզների հեղինակը Վահան Բալասանյանն է: Այս ամենն անհնար կլիներ առանց Հանրապետության առաջին տիկնոջ`Ռիտա Սարգսյանի, Երևանի քաղաքապետարանի, բարերարների աջակցության»,-նշեց Գայանե Մանուկյանը:

Խոսելով նախագծի ընթացքի մասին՝ «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի մենեջեր Ալիսա Մուրադյանը նշեց. «Նախագծի իրականացման ողջ ընթացքը, իհարկե, լի է եղել բարդություններով, եղել են անգամ զավեշտալի դեպքեր, սակայն մեր թիմով կարողացել ենք հաղթահարել դրանք: Եվ այժմ տեսնելով հյուրերի ոգևորությունը և լսելով նրանց գնահատականները՝ հասկանում ենք, որ նախագիծը կայացել է, իսկ դա մեզ միայն մոտիվացնում և եռանդ է տալիս նոր գաղափարների իրականացման համար»:

Մեսրոպատառ գրերը չժանգոտվող մետաղից են, իսկ դրանք պարուրող հայկական զարդանախշերը`արույրից: Նախագծի շրջանակում պատի վրա տեղադրվել են նաև տեսահսկող համակարգեր և անվչար wi-fi: «Հայոց գրերի երթ» նախագծի տառերի էսքիզների հեղինակ Վահան Բալասանյանը տեղեկացրեց, որ տառերը պատրաստվել են կես տարվա ընթացքում: «Հուսով եմ, որ տուրիստական օգուտ կտա, ես ավելի շատ կարևորում եմ որպես արվեստի աշխատանք: Արվեստը պետք է զարգանա, թեկուզ փորձարարական ճանապարհով, նման ոչ ստանդարտ ինստալացիաների միջոցով: Կարևոր աշխատանք է»,-նշեց նա:

«Հայոց գրերի երթ» նախագծի պաշտոնական բացումը մեկնարկեց արտ-ինստալացիայի օրհնության արարողությամբ: Տոնական միջոցառումը շարունակվեց Կառավարության ընդունելությունների տանը. նախաձեռնության մասնակիցներն ու հեղինակները ներկայացրին նախագիծը և աջակիցներին ու ԶԼՄ-ներին հանձնեցին շնորհակալագրեր: «Արմենպրես» -ը ևս արժանացավ շնորհակալագրի:

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի նպատակներն են ժամանակակից արվեստի միջոցով բարելավել քաղաքային միջավայրը, ստեղծել քաղաքի ժամանակակից խորհրդանիշներ, նպաստել զբոսաշրջության զարգացմանը և հանրայնացնել ազգային արժեքները:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ