Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր գույն կբերի Հայաստանի քաղաքական ներկապնակում


ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության անդամ Էդմոն Մարուքյանը համոզված է` Հայաստանի քաղաքական ներկապնակում նոր գույն կավելանա «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստեղծմամբ: Դեկտեմբերի 12-ին կայացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կուսակցության 245 պատվիրակների մասնակցությամբ համագումարը համարվեց իրավազոր ու բացված:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօրվանից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսում է իր երկար քայլերթը դեպի լուսավոր Հայաստան: «Մեր կուսակցության առաջնային թիրախներից է կառավարման անարդյունավետ, շատ ծախսատար համակարգի փոփոխությունը: Մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա փոքր, բայց արդյունավետ կառավարություն: Մեր հաջորդ թիրախը կլինի կոռուպցիայի դեմ պայքարը, անողոք պայքար ենք մեղելու պետական միջոցների անարդյունավետ ծախսման դեմ: Մենք ստեղծելու ենք մի համակարգ, որի պայմաններում հարկատուն վստահ կլինի, որ իր վճարած հարկերը ծախսվում են իր պետության կարիքների համար»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը տեսնում են ուժեղ տնտեսություն ստեղծելու մեջ: «Մենք չենք կարող հայանպաստ լուծումներ ունենալ համահայկական խնդիրների համար, եթե չունենանք զարգացող տնտեսություն: Արցախի հարցի լուծման հայանպաստ տարբերակը տեսնում ենք ուժեղ տնտեսության մեջ»,-ավելացրեց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ կողմ են լինելու Հայաստանի` եվրոպական պետության մոդելի ձևավորմանը, ըստ այդմ` նա կոչ արեց վերսկսել բանակցությունները Եվրամիության հետ:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Լուսավոր Հայաստան» նախաձեռնության մեկ այլ անդամ էլ` Հայկ Կոնջորյանը նշեց, որ Հայասանում պետք է շատ արագ տեղի ունենա քաղաքական սերնդափոխություն: Նրա խոսքով` քաղաքական վերնախավի միջին տարիքը բարձր է 55-ից, իսկ երիտասարդները մեծապես ընդգրկված չեն երկրի կառավարման գործում: «Երիտասարդները չպետք է մի քանի պատգամավորի տեսքով ներկայացված լինեն Ազգային ժողովում: Երիտասարդությունը, նոր գաղափարների, նոր արժեքների կրողը լինելով, պետք է քաղաքական սերնդափոխության կենսաբանական փաստը վերածի բովանդակային փոփոխության»,-ասաց Հայկ Կոնջորյանը` հավելելով, որ երիտասարդությունը Հայաստանի ներկան է, ոչ թե ապագան:

Համագումարի ժամանակ ելույթ ունեցան նաև նախաձեռնության այլ անդամներ: Ելույթների ավարտին քվերակությամբ կորոշվեն կուսակցության խորհրդի նախագահն ու անդամները: Կտրվի կուսակցության ձևավորման մեկնարկը:

Համաձայն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրի` նոր ստեղծվող քաղաքական ուժի նպատակն է ՀՀ-ում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը: Կուսակցությունը ազատական, առաջադիական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ