Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Հուսիկ Արան իր նոր ժողովածուով փորձել է ներկայացնել անկախության պոեզիան


ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուսիկ Արայի «Տան դուռը» նոր բանաստեղծական ժողովածուն հացեագրված է բոլոր նրանց, ովքեր Հայաստանի տերերն են:

 Այս մասին նոյեմբերի 25-ին գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց բանաստեղծը:

 «Գրքում զետեղված են «Ազատության հրապարակ», «Նոր Հայաստան» շարքերը, սիրային բանաստեղծություններ, սաղմոսներ: Փորձել եմ ստեղծել անկախության պոեզիան, արժևորել անկախ Հայաստանը, որի մասին մենք 800 տարի երազել ենք: Մենք այն բախտավորներից ենք, որ այսօր տեսնում ենք ազատ անկախ Հայաստան` անկախ սոցիալական պայմաններից, որոնք անցողիկ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հուսիկ Արան:

Նրա խոսքով` ինքը փորձել է Հայաստանը ներկայացնել որպես վայր, տուն, որտեղ ապրում է Հուսիկ Արան:

«Հայաստանի և’ լավը, և’ վատն իմն է: Այստեղ եմ առաջին անգամ երկինքը տեսել, այստեղ եմ սիրել, ցավ զգացել: Վատություն եմ արել ուրիշին, ուրիշն է ինձ վատություն արել: Հարազատ է, որովհետև իմն է»,-նշեց նա:

Հուսիկ Արան գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին նվիրված բանաստեղծություն ունի: Արքմենիկ Նիկողոսյանը կատակում է` ասելով, որ այդ ձոնն ընկալել է որպես միակ շնորհակալ բանաստեղծի արձագանք:

«Իմ առաջին հոդվածը, որ հրատարակել եմ, եղել է Հուսիկի գրքի մասին: Չափազանց հաճելի էր: Ամենաինքնատիպ պոետներից է, պատահական չէ, որ ամենաընթերցվողներից է: Այսօր շատ են կարդում նրա բանաստեղծությունները, նրա գրքերը սիրված են. յուրօրինակ ձեռագիր ունի»,-նշեց Արքմենիկ Նիկողոսյանը:

 «Տան դուռը» ժողովածուն ամփոփում է Հուսիկ Արայի վերջին չորս տարվա չափածո ստեղծագործությունները: Նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը: Գրքի խմբագիրն է Հասմիկ Հակոբյանը: Այն հրատարակել է «Անտարես»-ը:

Հուսիկ Արան 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Բանաստեղծությունների երրրորդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004թ., որի համար 2005թ. արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ