Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Ապրիլ

Օմբուդսմենն առաջիկայում հանդես կգա դատապարտյալների խնդիրների վերաբերյալ հայտարարությամբ


ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպում է ունեցել իրենց պայմաններից դժգոհող և հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ ԲՀԿ խմբակցությունը ցմահ  դատապարտյալների հարազատներից  կրկին նամակ է ստացել, որում ներկայացվել են  դատապարտյալների խնդիրները: «Ես կարծում եմ, որ դուք ծանոթ եք այս խնդրին, և ես կցանկանայի լսել ձեր դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ: Կան գործեր, որոնք դատական կարգով պետք է պարտադիր վերանայվեն: Մենք նրանց անընդհատ հույս ենք տալիս, ասում ենք, որ այդ խնդիրները կքննարկվեն, սակայն սայլը տեղից չի շարժվում: Եվ երկրորդ կարևոր խնդիրը, որի վերաբերյալ մենք պարբերաբար ստանում ենք դատապարտյալների դժգոհությունները, վերաբերում է վաղաժամկետ պայմանական ազատման այդ չարաբաստիկ հանձնաժողովի գործունեության հետ: Այդ հանձնաժողովի գործունեությունն ուղղակի աղետ է դարձել: Չե՞ք կարծում, որ այդ հանձնաժողովը պետք է լուծարվի՝ ավելի արդար սկզբունքներով գործելու համար: Կամ ընդհանրապես թող չգնան կալանավայրեր` մարդկանց հույս տաու և հետո մերժելու բոլոր դիմումները, կամ, այսպես ասած, «գիր-ղուշի» տարբերակով, որը ցանկանան` մերժեն: Երբ նայում ես մոտիվացիան, թե ինչու է այս կամ այն դիմումը մերժվել, ուղղակի տրամաբանական որևէ բան չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ նոյեմբերի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպում է ունեցել դատապարտյալների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: «Առաջիկայում Օմբուդսմենը այդ մասին հայտարարությամբ հանդես կգա: Առայժմ ես այսքանը կարող եմ ասել»,- ընդգծեց Արեյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե շատ լավ է այն, որ ՄԻՊ-ն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա, նման հայտարարություններ ամեն օր լինում են, սակայն որևէ փոփոխություն չի լինում: «Խնդիրը կայանում է նրանում, որ այս կարևոր հարցը լուծում չի ստանում: Հայտարարություններ մենք էլ ենք անում, դուք էլ եք անում: Հայտարարություններ էլի կանենք, սակայն խնդիրը դրանով լուծվո՞ւմ է: Այս է խնդիրը: Ես կարծում եմ, որ մենք պետք է համատեղ ուժերով հրավիրենք այդ վաղաժամկետ պայմանական ազատման հանձնաժողովի անդամներին, փորձենք հասկանալ՝ միգուցե նրանց գործունեության մեջ այնպիսի մի սկզբունք է դրված, որ մենք չենք հասկանում, մեր ինտեկելտը չի բավարարում հասկանալու համար, թե ինչպես են աշխատում, որ նրանց աշխատանքից դժգոհ են համատարած բոլորը»,- եզրափակեց Զոհրաբյանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ