Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճանաչված հայ երաժիշտները ելույթ կունենան խաչատրյանական փառատոնի շրջանակում

Ճանաչված հայ երաժիշտները ելույթ կունենան խաչատրյանական փառատոնի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հանդես կգան հայտնի երաժիշտներ Զոհրաբ Թադևոսյանը (ջութակ) և Սոֆյա Մելիքյանը (դաշնամուր)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, կամերային համերգը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Կհնչեն Ֆրանց Շուբերտի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար լյա մաժոր, Ֆանտազիա ջութակի և դաշնամուրի համար դո մաժոր), Ռիխարդ Շտրաուսի (Սոնատ ջութակի և դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր) ստեղծագործությունները։

Զոհրաբ Թադևոսյանը ջութակահար է և մանկավարժ։ Սկսել է ջութակ ուսումնասիրել 6 տարեկանում` իր առաջին ուսուցիչ Լևոն Զորյանի ղեկավարությամբ։ 13 տարեկանից սովորել է իր հորեղբոր՝ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի մոտ։ Կարիերայում զգալի հաջողությունների հասնելուց հետո՝ 2002-ին, մեկնել է Մադրիդ՝ ուսանելու Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Զախար Բրոնի ղեկավարությամբ։ 2003-ից Մադրիդի թագավորական օպերայի նվագախմբի անդամ է։

Իր ժամանակի մեծ մասը Զ. Թադևոսյանը տրամադրում է մանկավարժությանը, հաջողությամբ համատեղում է մենակատարի և կամերային երաժշտի կարիերան։ Թադևոսյանը պարբերաբար հրավիրվում է խոշոր փառատոների և վարպետության դասերի։ Հանդիսանում է Santander փառատոնի հրավիրյալ երաժիշտ։ 2010 թվականից Թադևոսյանը Թագուհի Սոֆյայի անվան բարձրագույն երաժշտական դպրոցի դոցենտ է՝ աշխարհահռչակ ջութակահար, մանկավարժ, պրոֆեսոր Աննա Չումաշենկոյի հետ։ Բացի այդ, 2013-ից նա Կատարինա Գուրսկայի անվան Երաժշտական կրթության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է։

Սոֆյա Մելիքյանը ծնվել է Հայաստանում։ 16 տարեկանում տեղափոխվել է Իսպանիա։ Նա շրջագայել է Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում։ Լինելով բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝ Սոֆյան՝ որպես մենակատար, ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների խոշորագույն նվագախմբերի կազմում։ Նրա վերջին համերգներից կարևորվում են Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում և «Լինքոլն» կենտրոնի «Բրունո Վալտեր» դահլիճում կայացած ելույթները, ինչպես նաև Օսակայի «Իզումի» համերգասրահի , Գուանչժոուի օպերային թատրոնի (Չինաստան), Սոֆիայի համերգասրահի (Բուլղարիա), Լյուսեմբուրգի «Շոպեն+» փառատոնի համերգները, Կուբայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի առաջնաելույթը Հավանայում և իսպանական Master Symphony Օrchestra-ի հետ շրջագայությունը։ Մելիքյանի կատարումները հեռարձակվել են Հայաստանի և Իսպանիայի Ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ, Մելբուրնի ABC Clas sic FM և Չիկագոյի WFMT ռադիոկայաններով, MEZZO ֆրանսիական հեռուստաընկերությամբ և Նյու Յորքի WXQR ռադիոկայանով։ Սոֆյան սովորել է Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, Փարիզի Ecole Normale de Musique Alfred Cortot կոնսերվատորիայում և Մանհեթենի Երաժշտության դպրոցում։

Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում անցկացվում են կամերային և սիմֆոնիկ համերգներ։ Աննախադեպ է լինելու փառատոնի փակման համերգը։ Դեկտեմբերի 5-ին Երիտասարդական նվագախումբը հանդես կգա նորարարությամբ։ Հայաստանի ջազ-բենդի հետ Երիտասարդականը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։

2013-ին ամբողջ երաժշտական աշխարհը նշում էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանը: Այս առնչությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի իրականացման նախաձեռնությամբ, որը մեկ ծրագրի շրջանակներում պետք է միավորեր մշակութային բազում միջոցառումներ՝ սիմֆոնիկ և կամերային համերգներ, վարպետության դասեր դասախոսություններ և այլն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am