Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մարտ

ՏՀՏ ոլորտի 40 մասնագետներ Բրյուսելում ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական զարգացումները


ԲՐՅՈՒՍԵԼ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 40 մասնագետներ, ավտոբուսով կտրել անցնելով 4 հազար կիլոմետր, Բրյուսելում ներկայացրել են Հայաստանի արագ աճող տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը: Հայ պատվիրակները նաև տեղեկացրել են եվրոպական գործարարներին իրենց իրենց ընկերություններում և Հայաստանի բարձրտեխնոլոգիական ոլորտում եզակի ներդրումային հնարավորությունների մասին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից: 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ վերջին 10 տարիներին տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը ծաղկում է Հայաստանում` ապահովելով տարեկան 20 տոկոս աճ: «Համաշխարհային մեծության ընկերություններն իրենց գրասենյակներն են հիմնում Հայաստանում ոչ միայն աութսորսինգ իրականացնելու, այլև տեղի ներուժն օգտագործելու համար: Հայաստանը դարձել է տարածաշրջանային հանգույց: Հայաստանում դուք կարող եք գտնել տարբեր հմտություններ` ոչ միայն միկրոսխեմաների նախագծում, այլև  բարձր մակարդակի ծրագրավորում»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը:

«Art Solutions» ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Հենրի Բլանդվելն էլ, ով վերջերս է գրասենյակ հիմնել Երևանում, շատ հարցազրույցներ է իրականացրել իր հնարավոր աշխատողների հետ և համոզիչ ու բարձր է գնահատում նրանց հմտությունները:
Նա նաև հավելել է, որ Հայաստանն աշխարհին հայտնի է հարուստ մշակույթով ու ժառանգությամբ` շեշտելով, թե ՏՀՏ մասնագետների մեծ նպատակնեը հույս են առաջացնում, որ շուտով Հայաստանը հայտնի կդառնա որպես նորարարությունների և հետաքրքիր լուծումների երկիր:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ներկայացուցիչ Ջուլիետա Նիկողոսյանն էլ հույս է հայտնել, որ բելգիալան լսարանը կբացահայտի Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներուժը և Հայաստանը կնույնականացի ոչ միայն Շառլ Ազնավուրի, Հայոց ցեղասպանության, հնագույն ժողովրդի երկրի հետ, այլ նաև որպես  տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգաների զարգացող ոլորտ ունեցող երկրի:

Հայաստանի ՏՀՏ ոլորտի բիզնես հանդիպումների շարքը կտևի 32 օր, մասնակիցները կշրջագայեն 15 եվրոպական երկրներում, հաջորդ կանգառը կլինի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը:

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 20 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ, եռակողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք` դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը: Հոկտեմբերի 4-ին մեկնարկել է «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտովազք» ծրագիրը, որը կտևի մինչև նոյեմբերի 6-ը: 

Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջացառումներին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ