Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի բարձրաստիճան պատվիրակությունը մասնակցեց Երևանի Կապույտ մզկիթի հիմնադրման 250-ամյակի տոնակատարությանը

Իրանի բարձրաստիճան պատվիրակությունը մասնակցեց Երևանի Կապույտ մզկիթի 
հիմնադրման 250-ամյակի տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին կարևորում է Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու կապակցությամբ Հայաստանի կողմից կատարվող աշխատանքները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին հոկտեմբերի 15-ին մասնակցեցին Երևանի Կապույտ մզկիթի հիմնման 250-ամյակի արարողությանը:

«Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Հայաստանում: Գտնվելով այստեղ` մոտիկից ծանոթացա և հասկացա այն պատմամշակութային կապերը, որոնք գոյություն են ունեցել Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև: Երևանի Կապույտ մզկիթի նմանը գոյություն ունի նաև Թավրիզ քաղաքում, և Երևանի մզկիթի անունը կապվում է Թավրիզի Կապույտ մզկիթի հետ: Այս մզկիթը Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարեկամության դրսևորման և զարգացող մշակութային կապերի ամրապնդման կարևորագույն խորհրդանիշ է», - «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` ընդգծեց  Էսհաղ Ջահանգիրին` հավելելով, որ Երևանի Կապույտ մզկիթն այս տարածաշրջանում միաստվածության կրոնների հետևորդների խաղաղ համակեցության խորհրդանիշերից է: 

ԻԻՀ առաջին փոխնախագահը նաև ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ 1991թ. անկախ Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեց Կապույտ մզկիթի վերականգնման և վերանորոգման պայմանագիրը, իսկ 1994-2010թթ. պատշաճ կերպով վերականգնվեց և պահպանվեց: 

«Մարդկության հնագույն բնօրրաներից մեկում ձևավորված և հարուստ պատմություն կերտած հայ և իրանցի ժողովուրդները աշխարհին ավանդել են բարձրարժեք մշակութային ժառանգություն՝ հավերժական արվեստի արժեքներով հարստացնելով համաշխարհային գանձարանը: Մշակութային ժառանգության լավագույն օրինակներից է 2,5  դար առաջ Երևանում կառուցված Կապույտ մզկիթը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հավելեց, որ Կապույտ մզկիթը տարածաշրջանի մշակութային եզակի գոհարներից է, որով հիացել և իրենց ստեղծագործություններում անդրադարձել են հայ մեծերից Ռոմանոս Մելիքյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Եղիշե Չարենցը և շատ ուրիշ հայեր:

 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am