Հայ դպրոցն ունի ապագա, և այդ ապագան ամուր ձեռքերում է. Արմեն Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դպրոցն ունի ապագա, և այդ ապագան ամուր ձեռքերում է: Այս մասին հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվան նվիրված տոնական հանդիսության ավարտին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Ուսուցչի օրը միակն է մասնագիտական տոներից, որը պետական մակարդակով նշվում է է ՀՀ օրենքի համաձայն` որպես մասնագիտական օր: Այս տոնն իրականում մասնագիտական չէ, այս տոնն աշխարհայացքային է: Ուսուցիչը ոչ միայն մեզ դաս տվող մանկավարժական որակավորում ունեցող մարդն է, այլև այն անձը, ումից մենք կյանքում ինչ-որ բան ենք սովորել: Ուզում եմ, որ այսօր մեր խորին շնորհակալությունը և անկեղծ նվիրումը բերենք բոլոր այն մարդկանց, ումից բան ենք սովորել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը շեշտեց, որ ամենալավ պարգևը մանկավարժների համար հեռախոսազանգերն էին, որոնք նրանք տոնի առթիվ ստանում էին իրենց շնորհակալ աշակերտներից:
Հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրն անցկացված տոնական հանդիսության արդյունքում ընտրվեցին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցանակների դափնեկիրները: Արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևներ հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության կողմից լավագույն դաստիարակն ու մանկավարժն արժանացան մեքենաների, իսկ տնօրենը համակարգիչ ստացավ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում