Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երիտասարդական նվագախումբը նոր համերգաշրջանում ակտիվ համերգային գործունեություն կծավալի

Երիտասարդական նվագախումբը նոր համերգաշրջանում ակտիվ համերգային գործունեություն 
կծավալի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում hոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2015-2016 համերգաշրջանի բացման համերգը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, նվագախմբի կատարմամբ հնչել են Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան, դաշնամուր), հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից («Նախանվագ և պար»-ը, «Սպարտակի և Ֆրիգայի ադաջիո»-ն, «Էգինայի վարիացիան և խրախճանք»-ը, «Տեսարան և կրոտալներով պար»-ը, «Հադեսի կույսերի պար»-ը և «Սպարտակի հաղթանակ»-ը)։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ կարևոր օր է իր և նվագախմբի համար։ Արտիստի համար միշտ սպասված է նոր համերգաշրջանը։ Մաեստրոն տեղեկացրել է, որ սպասվում է շատ ակտիվ համերգային գործունեություն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. «Մենք շատ լավ գիտենք, որ հայաստանյան ունկնդիրը մեզ սպասում է, և ամեն ինչ անելու ենք ավելի ու ավելի հետաքրքիր նախագծեր ներկայացնելու համար»,- ասել է նա:  

Նախորդ համերգաշրջանը եղել է հագեցած, ձեռքբերումներով լի և արդյունավետ։ Տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ հայաստանյան հանդիսատեսի հետ, ինչպես նաև  մի շարք համերգներ արտասահմանում, որոնք արժանանացել են օտարազգի երաժշտասերի բարձր գնահատանքին։ Ինչպես նախորդ տարիներին, անցած համերգաշրջանում նույնպես, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն «Ալ Բուստան» միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբն էր, և այս գործընթացը շարունակական է լինելու։ Ելույթներ են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում, Կաննի «Դեբյուսի» համերգասրահում։ Նվագախումբը նոր է վերադարձել Ավստրիայից և Իսպանիայից՝ ելույթներ ունենալով հռչակավոր բեմերում. մասնակցություն «Բրուքներֆեստի»-ն, համերգներ Վիեննայի «Մյուզիքֆերեյն» սրահում, Սարագոսայի «Մոցարտ» համերգասրահում և Մադրիդի Թագավորական թատրոնում։

Նոր համերգաշրջանում՝ հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը Երիտասարդական նվագախումբը կներկայացնի Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որն այս տարվանից սկսած՝ անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնի շրջանակներում յուրաքանչյուր չորեքշաբթի կներկայացվեն կամերային, իսկ շաբաթ օրերին՝ սիմֆոնիկ համերգներ։

Նոր համերգաշրջանում՝ 2015թ. դեկտեմբերին, Երիտասարդական նվագախումբը կներկայացնի նաև Non Stop համերգային ծրագիրը։ Իսկ հունվարին կնշվի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-րդ ստեղծագործական հոբելյանական տարին։ Այս ամենն առցանց հեռարձակվելու է SYOA TV-ի միջոցով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նոր համերգաշրջանի բացման համերգը հասանելի է հետևյալ հղմամբ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am