Իրաքում թուրք բանվորներին առևանգած խումբը հայտնել է իր նախապայմանները
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մարզադաշտի շինարարությունում աշխատող 18 թուրք բանվորներին առևանգած շիական խմբավորումը հրապարակել է տեսանյութ՝ ներկայացնելով իր պահանջները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Իրենց «Մահապարտների խումբ» անվանող շիա մուսուլմանները տեսանյութում, որտեղ երևում են նաև առևանգված թուրքերը, հայտարարել են, որ բանվորներին ազատ արձակելու դիմաց Էրդողանը պետք է կատարի իրենց պահանջները:
Մասնավորապես նրանք պահանջել են թույլ չտալ Թուրքիայի տարածքով զինված անձանց մուտքը Իրաք, դադարեցնել Քրդստանից գողացված վառելիքի հոսքը Թուրքիայով: «Մահապարտների խումբը» պահանջել է դադարեցնել թուրքական ուժերի կողմից Իրաքում մի շարք տարածքների շրջափակումը: Նրանք հայտարարել են, որ իրենց պայմանները չկատարելու դեպքում Իրաքում գտնվող Թուրքիայի ներկայացուցիչները և շահերը ծանր վնասներ կկրեն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում