ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության կերտման գործում իր ավանդն է ունեցել ողջ հայ ժողովուրդը, եւ արդեն 24 տարի է` Հայաստանի եւ Սփյուռքի հետ ձեռք ձեռքի կառուցում է ազատ ու ինքնիշխան ժողովրդավարական պետություն:
Նախագահի խոսքով` Արցախը հաստատուն քայլերով առաջ է ընթանում` տարեցտարի գրանցելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ եւ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային հանրության շարքում:
«Արցախի ժողովուրդը տերն է իր հողի ու ջրի եւ անում է ամեն ինչ` իր նպատակներին հասնելու, իր քաջ զավակների կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար»,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: