Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

«Օժանդակ օգնություն սահմանապահներին» ծրագրի շրջանակներում հայկական բանակին փոխանցվել է շուրջ 25 հազար դոլարի սարքավորում


ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, սցենարիստ Արշակ Զաքարյանը, ով նաև «Օժանդակ օգնություն սահմանապահներին» բարեգործական նախաձեռնության հեղինակն է, լայնածավալ պատերազմական գործողությունների ծավալումը հավանական չի համարում, քանի որ Արդբեջանը գիտակցում է` մեծ կորուստներ է ունենալու և պարտվելու է: «Իրենք անընդհատ տարբեր միջոցներով փորձում են ու համոզվում են, որ իրենց վրա ծանր է նստում այդ ամենը, նրանց ցանկացած փորձին շատ ծանր պատասխան են ստանում: Հասկանում են, որ այդ փոքր պատերազմում այդքան կորուստ են կրում, լայնածավալի դեպքում ինչ կորուստներ կունենան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արշակ Զաքարյանը: Նրա խոսքով` ադրբեջանցիները չեն հաջողում թե’ դիվերսիոն փորձերի, թե’ հեռահար կրակոցների ժամանակ: «Ճիշտ է` նրանք գիշերով գողի նման կարողացան գալ, մեզ կորուստներ տվեցին երկու-երեք զինվոր, բայց դա անընդհատ չի, իրենք շատ կորուստներ ունեն, չեն կարողանում իրենց հասարակությունից թաքցնել այդ կորուստները: Ես փորփրում եմ, իրենց ներքին շուկայից ինֆորմացիա եմ քաղում, նրանց մոտ պանիկա է, այնտեղ կոտորվում են` բառիս բուն իմաստով»,-նշեց ռեժիսորը:

Նա բանակը համեմատում է երեխայի հետ, ում պետք է սիրել` իր թերություններով ու սխալներով հանդերձ: «Երբ երեխադ վատ սովորություններ է ունենում, հարևաններին չես ասում, որ երեխադ սխալներ է անում, փորձում ես ներսում ուղղել դա»,-ասաց նա:

Արշակ Զաքարյանի խոսքով` հայկական բանակում վերջին շրջանում միջանձնային հարաբերությունների սրման պատճառով դեպքեր չեն գրանցվել, որը բանակում կատարվող բարեփոխումների արդյունք է: «Բանակում աշխատում են հոգեբաններ, սպայական կազմի մեծ փոփոխություններ կան, իրենք զինվորներն էլ արդեն մի քիչ այլ կերպ են մտածում բանակի մասին: Սա նաև լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ է, որոնք վերջին շրջանում բանակը լուսաբանում են նաև դրական կողմերից»,-նկատեց Արշակ Զաքարյանը:

Անդրադառնալով «Օժանդակ օգնություն սահմանապահներին» նախաձեռնությանը` բանախոսը նշեց, որ մեկ տարվա ընթացքում մոտ 25 հազար դոլար է հավաքվել, որն էլ տարբեր սարքավորումների տեսքով ուղղվել է բանակին: Նրա խոսքով` այդ սարքավորումները` հեռադիտակներ, տեսախցիկներ, լույսեր,  հեշտացնում են զինվորի կյանքը ու ինչ-որ առումով էլ հետաքրքիր դարձնում ծառայությունը: «Ակցիային միացել է աշխարհասփյուռ հայությունը, հատկապես, հասարակ քաղաքացիներ: Նրանք այդպիսիով փաստորեն մասնակցում են հայրենիքի պաշտպանությանը»,-նշեց Արշակ Զաքարյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ