Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցն իր առջև որակյալ կրթություն ապահովելու, բանակին սատարելու և տնտեսությունը զարգացնելու հիմնախնդիրներ է դրել

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցն իր առջև որակյալ կրթություն ապահովելու, 
բանակին սատարելու և տնտեսությունը զարգացնելու հիմնախնդիրներ է դրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը նախապատրաստվում է նոր ուսումնական տարվան: Այս տարի դպրոց կհաճախի մոտ 250 աշակերտ՝ նախորդ տարվա 252-ի փոխարեն:

Կողբն Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունեցող մարզի ամենամեծ գյուղական համայնքն է: Այն մայրաքաղաք Երևանից գտնվում է 195 կմ, իսկ ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ հեռավորության վրա: Մովսես Խորենացու գրավոր հիշատակության համաձայն, գյուղը հնում եղել է Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի կենտրոնը, որը հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար: «Կողբ» բառը հայերեն «ամրոց» բառի հոմանիշներից է:

Կողբում մարդիկ դեռ փոքր հասակից գիտեն` ինչ է նշանակում սահման պահել: Գյուղի երկու միջնակարգ դպրոցներում էլ ամուր է դրված կապը Հայոց բանակի հետ: «Բանակը մեր ազգային հարստությունն է, անկախության պատվարը: Ամեն տարի հունվարի  28-ին դպրոցում պարտադիր նշում ենք բանակի կազմավորման տարեդարձը: Աշակերտներն իրենց ձեռքով արդեն որերորդ տարին է պատրաստում են ծանրոցներ և ուղարկում հանրապետության զորամասեր: Անցած տարի 30-40 այդպիսի ծանրոց ենք ուղարկել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կողբի  թիվ 2  միջնակարգ  դպրոցի  տնօրեն Ամալյա Ղարագյոզյանը:

Դպրոցում 2014 թվականին կազմավորվել է «Պատանի երկրապահ» ջոկատ, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը:

Տնօրենի խոսքով, 2014-2015 ուսումնական տարում Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցն ունեցել է 252 աշակերտ, որոնցից 53-ը դպրոցն ավարտել է գերազանցությամբ, իսկ նույն ուսումնական տարվա 19 շրջանավարտներից 12-ն ընդունվել է բուհ: Աշակերտների առաջադիմությունը խթանելու և ուսման բարձր որակն ապահովելու նպատակով, դպրոցն ակտիվորեն համագործակցում է հանրապետության առաջատար կրթական հաստատությունների՝ Երևանի Անանիա Շիրակացու անվան դպրոցի և «Քվանտ» վարժարանի հետ, կազմակերպում ճանաչողական փոխայցելություններ, դասալսումներ:

Դպրոցը նաև ձգտում է ակտիվորեն մասնակցել համայնքային կյանքի բարելավմանը՝ իր օրինակով խթանելով այլընտրանքային գյուղատնտեսության՝ ջերմոցային տնտեսության ներդրմանը գյուղում: Այստեղ արագ սովորել են տնտեսության այս ձևի նրբություններն ու հաջողությամբ կիրառում են: Դպրոցի 60 քմ մակերեսով ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, տարբեր տեսակի կանաչիներ:

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Կարեն Նազարյանը, ում պաշտոնավարման տարիներին ՄԱԿ-ի ծրագրով կառուցվել է ջերմոցը, հպարտությամբ է պատմում, թե ինչպես են ստացել առաջին բերքը. «Այն, պարզ է, շատ չէր: Առաջին գնորդներն ուսուցիչներն էին, իսկ ստացված գումարն էլ օգտագործեցինք ոռոգման համար ռետինե խողովակ և սածիլներ գնելու համար»:

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1972 թվականին: Հանդիսանալով ՀՀ պետական կրթական համակարգի օղակներից մեկը` դպրոցն իրականացնում է տարրական, հիմնական և միջնակարգ կրթության պետական հանրակրթական ծրագրեր: Այնտեղ դասվանդում է մոտ  50 ուսուցիչ, ում 97 տոկոսն ունի համապատասխան բարձրագույն մանկավարժական կրթություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am