Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

Նախագահն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կուխտային` պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման և դիվանագիտական առաքելությունը պատշաճ իրականացնելու համար: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել Իվան Կուխտային հետագա գործունեության մեջ:

ՀՀ Նախագահը և Ուկրաինայի դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանում հարգալից վերաբերմունք կա ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինայի նկատմամբ: Իվան Կուխտան այդ կապակցությամբ գոհունակությամբ է փաստել, որ նախօրեին Հայաստանում ուկրաինական համայնքի հետ հանդիպմանը վերստին զգացել է այդ ուշադրությունը և հոգատար վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է համայնքի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ուկրաինայում բնակվող բավականին ակտիվ հայ համայնքի նկատմամբ ևս նույնպիսի վերաբերմունք կա:

Դեսպան Կուխտան շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին և ՀՀ պետական բոլոր մարմիններին՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Ուկրաինայում հնարավորինս շուտ խաղաղություն կվերահաստատվի, ինչը նոր հնարավորություններ կբացի նաև հայ-ուկրաինական մեծ ներուժը տնտեսական և այլ ոլորտներում լիարժեք օգտագործելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am