Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայում ինքնավարություն է հռչակել նաև քրդաբնակ Յուքսեքովա քաղաքը

Թուրքիայում ինքնավարություն է հռչակել նաև  քրդաբնակ Յուքսեքովա քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդաբնակ արեւելյան եւ հարավ-արեւելյան տարածաշրջանի Շըրնաք քաղաքի ինքնավարություն հռչակելուց հետո նույն քայլին է դիմել նաեւ Յուքսեքովա (Գևեր) քաղաքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, քաղաքի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների եւ համայնքի, ինչպես նաեւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) եւ Դեմոկրատական տարածաշրջանների (DBP) կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքապետարանի շենքի առջեւ կազմակերպված հավաքում Դեմոկրատական հասարակության խորհուրդը Գևերը հայտարարել է պետությունից անկախ ինքնավար քաղաք:

Գևերի դեմոկրատական հասարակության խորհրդի համանախագահ Շերաֆեթին Դեդեն այդ առնչությամբ ունեցած ելույթում ասել է. «Իշխանությունները Գևերում հակամարդկային` ֆաշիստական բռնություն են իրագործել քաղաքի շուկայում: Մենք չենք ճանաչում քրդական ինքնավարության շարժումը չճանաչող եւ քուրդ ժողովրդի ինքնությունը մերժող պետական կառույցները, օրենքները եւ իրավական համակարգը: Մենք ցանկանում ենք պաշտպանել մեզ այս բռնակալական, ժխտողական եւ ֆաշիստական պետությունից: Քրդերի դեմ պատերազմով թուրքական պետությունը մեկ անգամ եւս ցուցադրեց իր իրական դեմքը: Նրանց համար այլեւս քրդական խնդիր գոյություն չունի: Նրանք փակել են մեկուսացման մեջ գտնվող քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ երկխոսության բոլոր ճանապարհները»:

Ըստ «Ջումհուրիեթ»-ի` օգոստոսի 11-ին դեմոկրատական ինքնավարություն է հայտարարել Թուրքիայի քրդաբնակ Շըրնաք քաղաքը: Շըրնաքի ժողովրդական խորհրդարանի կողմից այդ առնչությամբ արված հայտարարության մեջ ասվում է, որ «քաղաքում գտնվող բոլոր պետական կառույցները կորցրել են օրինականությունը, եւ որպես ժողովուրդ, հիմք ընդունելով ինքնակառավարումը, կկառուցեն սեփական ժողովրդավարական կյանքը»:

«Սիլոփիում քրդերի դեմ ոչնչացման հարձակումներով իրագործված կոտորածի դիմաց, որպես Շըրնաքի ժողովրդական խորհրդարան, չմերժելով պետությանը` մենք այլեւս չենք քայլելու պետական կառույցների հետ: Մեզ համար քաղաքում գտնվող բոլոր պետական կառույցներն արդեն կորցրել են օրինականությունը», -ասվում է հայտարարության մեջ:

DBP-ի Շըրնաքի բաժանմունքի  ղեկավար Սալիհ Գյուլենչը թերթի հետ զրույցում ասել է, որ քաղաքում ինքնավարություն հայտարարելուց հետո բնակչությունը չի ենթարկվելու պետության կողմից նշանակված ղեկավարներին:

«Քաղաքում գտնվող բոլոր պետական կառույցները մեզ համար կորցրել են օրինականությունը: Պետության կողմից նշանակված ղեկավարներն այլեւս չեն կարող ղեկավարել այստեղ: Այսուհետեւ ինքներս ենք մեզ պաշտպանելու բոլոր հարձակումներից: Սրանից հետո մենք ենք ղեկավարելու մեզ», -ասել է նա:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Ուրֆայի Սուրուչ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից հետո, որի ժամանակ 32 մարդ սպանվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը «պատերազմ է հայտարարել Քուրդիստանին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am