Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» ֆոտոգիրքը Ցեղասպանությունն իրենց մաշկի վրա զգացածների պատմությունն է

Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ» ֆոտոգիրքը Ցեղասպանությունն իրենց մաշկի վրա 
զգացածների պատմությունն է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը հուլիսի 24-ին հանրության դատին ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարների ֆոտոգիրքը: Տարիների աշխատանք է պահանջվել, որպեսզի լուսանկարիչը հավաքագրի Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող 45 վերապրածների անձնական պատմությունները, լուսանկարչական սարքի միջոցով արձանագրի սարսափի դրոշմը նրանց աչքերում: «Վերապրածներ» գրքի շնորհանդեսը կայացավ արվեստասերների, Նազիկ Արմենակյանի ընկերների և պարզապես հետաքրքրված հանդիսատեսի ներկայությամբ` գողտրիկ միջավայրում:

Լուսանկարիչը ներկայացրեց «Վերապրածներ» նախագծի ստեղծման պատմությունն ու իր, որպես վավերագիր լուսանկարչի, փորձառությունը: Նրա խոսքով` ամեն ինչ սկիզբ առավ 2005-ին, երբ Կովկասի ինստիտուտում սովորելիս առաջադրանք էր կատարում և նկարեց Հայոց ցեղասպանության ականատես 100-ամյա Ռեմելլային: «Ինձ համար այդ ամենը նոր էր. տեսնել 100-ամյա կնոջ, ով խոսել համարյա չէր կարողանում, չէր տեսնում: Այդ ժամանակ մտածում էի` ինչպես նկարեմ, որ հետաքրքիր լինի: Մի միտք ծնվեց. ուզեցի նրա երիտասարդ տարիների լուսանկարը, քանի որ այն, ինչ տեսնում էի այդ պահին, հնարավոր չէր պատկերցնել, թե ինչպիսին էր եղել նա: Հետո խնդրեցի, որ նա պահի իր 20 տարեկանի լուսանկարը ու այդպես նկարեցի: Նրա կնճիռները, 20 տարեկանի լուսանկարը, պատահական ընտրված պատի ֆոնը հնարավորություն տվեցին ստանալ նկար, որը սիրվեց շատերի կողմից: 2.5 տարի հետո կրկին որոշեցի գտնել վերապրածների ու շարունակել շարքը: Ես, իհարկե, չէի պատկերացնում, թե ինչ լուրջ աշխատանք էի նախաձեռնում և թե որքան շուտ պետք է նախաձեռնած լինեի: Պետք շատ մարդկանց հասնցեի լուսանկարել, երբ իրենք ավելի լավ վիճակում էին ու ավելի շատ բան էին հիշում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատմեց Նազիկ Արմենակյանը:

Լուսանկարիչը վերհիշում է, թե որքան դժվարությամբ էր գտնում վերապրածներին, ուներ միայն հասցեներ: Ժամանակ է եղել, որ մի քանի գյուղ է հասել և նրանցից ոչ մեկը ողջ չի եղել: «Երբեմն ստացվում էր այնպես, որ նրանց վերջին լուսանկարներն էի անում, ինչն ինձ համար շատ դժվար էր»,- ասաց Նազիկ Արմենակյանը:

«Մեկ անգամ հասա գյուղ, հասցեն գտա, տան դիմաց կանգնել, սպասում էի, մտածում` ինչպես մտնեմ տուն, ինչ խոսեմ, մեկ էլ մի ավտոմեքենա կանգնեց, դագաղ հանեցին: Ես խառնվեցի, հարցնում էի, թե ով է մահացողը, ու ասացին այդ կնոջ անուն-ազգանունը, ում փնտրում էի: Գնացի նստեցի մեքենան, որ հետ վերադառնամ, շատ վատ էի զգում, լաց էի լինում: Շարժվել էինք արդեն, բայց մտքովս ինչ-որ բան անցավ ու վարորդին խնդրեցի, որ հետ գնանք այդ կնոջ տուն: Ես հասկացա, որ կարևոր է ցույց տալ, որ այդ մարդիկ մահանում են, այսինքն` նրանք հավերժ չեն` չնայած 100 տարի ապրել ու դեռ ապրում են, որովհետև ասելիք ունեն: Ես հասկացա, որ այդքան տարի այդքան ասելիք պահելով, լռություն պահելով, իրենք ինչ-որ բանի էին սպասում»,- վերհիշեց լուսանկարիչը:

Նազիկ Արմենակյանին նախագիծը թույլ է տվել կարևոր մարդկային հարաբերություններ հաստատել: «Նախագծի միջոցով ստեղծված կապը որոշ վերապրածների հետ շարունակվեց: Ես անընդհատ վերադառնում էի նրանց մոտ, ինձ հետաքրքիր էր նրանց այցելել ու տեսնել, թե ինչպես են»,- նշեց նա:

Այսօր, երբ գիրքը պատրաստ է, լուսանկարիչը մեծ բավարարվածությամբ փաստում է, որ չափահաս երեխայի նման «նրան» ուղարկում է հասարակություն:

Ֆոտոգրքի խմբագիր, կինոգետ, համադրող Վիգեն Գալստյանի խոսքով` գիրքը խմբագրելու Նազիկ Արմենակյանի առաջարկն ընդունել է որոշակի վերապահումով: «Համաձայնեցի այն պայմանով, որ մենք կաշխատանեք ու մի փոքր էլ կզարգացնենք նախագիծը, որպեսզի այն համապատասխանի գրքի ֆորմատին: Ոչ ես, ոչ էլ Նազիկը մտադրություն չունեինք այսքան երկար ժամանակ աշխատանք տանել, բայց քանի որ երկուսիս համար էլ կարևոր էր` գիրքը լինի ամբողջական և հնարավորինս կատարյալ, այդ գործընթացը տևեց մոտ 10 ամիս»,- ասաց Վիգեն Գալստյանը:

Նա նկատեց, որ ընտրություն են կատարել հազարավոր լուսանկարներից: «Խնդիր կար այդ ամենը զտելու և 40 լուսանկարից բաղկացած գիրք դարձնելու: Երկար մտորում էինք, թե որ լուսանկարները ընտրվեն, ինչ գաղափարախոսություն, ինչ տրամաբանություն ունենան: Գիրքը բացվում է մահվան տեսարանով, դագաղում պառկած Աշխենն է: Ինձ համար, որպես գրքի խմբագրի, կարևոր էր ստեղծել ֆոտոգիրք, ոչ թե գիրք, որն ուղղակի պարունակում է լուսանկարներ»,- նշեց արվեստաբանը:

Նրա դիտարկմամբ` գիրքը, որպես ամբողջություն, շատ է տարբերվում ուղղակի ցուցահանդեսից, այս ֆոտոգրքում լուսանկարն ու տեքստը հետաքրքիր ձևով են հարաբերվում: «Այս դեպքում կային վկայություններ, որոնք անհրաժեշտ էր ընդգրկել, կար Մարկ Նշանյանի նախաբանը, որը, կարծում եմ, հայերենով լուսանկարչության մասին գրված ամենակարևոր տեքստերից մեկն է: Այն կոչվում է «Պատկերը որպես նշխարհք», և նա շատ հետաքրքիքր ձևով է ներկայացնում այդ լուսանկարների արժեքը, վերապրածների փորձառությունը ըմբռնելու գործը: Այս գրքում տեքստն ու լուսանկարը հավասար կշիռ ունեն»,- նկատեց նա:

«Վերապրածներ» ֆոտոգիրքը լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի երկրորդ գիրքն է «Մենակության շտամպ»-ից հետո: 1000 տպաքանակ ունեցող գիրքը բաժանվելու է վերապրածների ընտանիքներին, գրքի ստեղծման մեջ ներդրում ունեցող անձանց, բայց մի մասն էլ վաճառվելու է: Անգլերեն տարբերակը կներկայացվի լուսանկարների ամենաամյա միջազգային փառատոնին, բացի այդ` արտասահմանյան գրախանութներին կտրամադրվի:

Գրքի ստեղծումը հնարավոր է դարձել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և հովանավոր Աշոտ Խաչատուրյանցի շնորհիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am