Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նախագահին կընտրի Ընտրիչների ժողովը, Աժ-ն կձևավորվի համամասնական տարբերակով

 Նախագահին կընտրի Ընտրիչների ժողովը, Աժ-ն կձևավորվի համամասնական տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության 1-7 գլուխների նախնական տարբերակով առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: «Արմենպրես»-իփոխանցմամբ, նախնական տարբերակով՝ եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կամ կուսակցությունների դաշինքները:

Միաժամանակ, սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: Առաջարկների 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավել անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։

Նախնական տարբերակով առաջարկվում է նաև, որ նախագահն ընտրվի Ընտրիչների ժողովի կողմից, ոչ թե քաղաքացիների կողմից ուղիղ քվեարկությամբ։ Ընդ որում, Ընտրիչների ժողովը կազմված պետք է լինի Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից: Նախատեսվում է, որ Ընտրիչների ժողովը գումարվելու է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Կառավարության ու նրա գործառույթների սահմանման գլխով սահմանվում է, որ կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է, որն իր ծրագրի հիման վրա մշակելու և իրականացնելու է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը: Կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից: Նախնական տարբերակով՝ հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում ԱԺ ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին: Միաժամանակ, նախատեսվում է, որ նախարարությունների թիվը չի կարող գերազանցել 18-ը: Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am