Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Հրաչյա Հակոբյանի հոբելյանը ցուցահանդեսով համախմբեց նկարչի ընկերներին ու հարազատներին


ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանի 80-րդ հոբելյանը Հայաստանի ազգային պատկերասրահում էր համախմբել արվեստագետի ընկերներին և հարազատներին: Հուլիսի 4-ին պատկերասրահում անցկացվեց նկարչին նվիրված հուշ-ցերեկույթ:

Հայաստանի ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի վարիչ, արվեստաբան Արմեն Գասպարյանն ընդգծեց, որ Հրաչյա Հակոբյանի առանձնահատկությունը նրա ինքնատիպությունն էր՝ և՚ որպես արվեստագետ, և՚ որպես մարդ:

«Նրան անվանում էին «սիրուն Հրաչո», նկատի ունենալով ոչ միայն արտաքին տվյալները, այլև նրա գեղեցիկ ներքնաշխարհը: Երևանցիները Հրաչյա Հակոբյանին ավելի շատ ճանաչում են Ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահի որմնանկարներով: Ցավոք, քչերը գիտեն, որ հենց նա է որմնանկարների հեղինակը: Երախտապարտ ենք նաև նրա այրուն, որը պարբերաբար զբաղվել է նրա հետմահու ցուցահանդեսների կազմակերպմամբ: Ցավոք, նա իր կենդանության օրոք ոչ մի անհատական ցուցահանդես չունեցավ: Սակայն, Ազգային պատկերասրահում տեղ են գտել նրա ստեղծագործություններից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Գասպարյանը:  

Գեղանկարչի քույրը՝ Լյուդմիլա Հակոբյանը, եղբոր մասին խոսելիս հուզվեց: «Ինձ համար շատ դժվար է իր մասին խոսք ասել: Նա կարողանում էր դրական լիցքեր հաղորդել շրջապատին: Նա իր կենդանության օրոք Երևանում չի ունեցել անհատական ցուցահանդես, բայց մահվանից երկու տարի անց պատկերասրահում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը»,- նկատեց նկարչի քույրը:

Լյուդմիլա Հակոբյանի խոսքով՝ իր եղբոր նկարները ներկայացվել են տարբեր երկրներում, և նա ունի 200-ի չափ աշխատանքներ: «Նա արդեն 30 տարուց ավելի մեզ հետ չէ, բայց արդիական են նրա ստեղծագործությունները»,- ընդգծեց նա: Ելույթ ունեցողները կարևորեցին Հրաչյա Հակոբյանի գործունեությունը՝ հավաստելով, որ նա այսօր էլ իրենց հետ է՝ իր յուրահատուկ գործերով:

Գեղանկարիչ, գրաֆիկ, մոնումենտալիստ Հրաչյա Հակոբյանը ծնվել է 1935 թ., Խանլարում: 1939-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան: Մասնագիտական կրթություն է ստացել նախ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև` Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, որտեղ և դասավանդել է հետագայում` 1966-1970 թթ.: 1964թ. մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների՝ 1970թ.՝ Կուբայում, Ճապոնիայում, 1976-1977թթ.՝ ԱՄՆ-ում, 1978թ.՝ Ֆրանսիայում` խմբակային ցուցահանդեսների, գիտաժողովների:

Նկարիչը ստեղծագործել է տարբեր ժանրերում` դիմանկար, բնանկար, նատյուրմորտ. հեղինակն է թեմատիկ «Կոմիտաս» (1962 թ.), «Տիր» (1978 թ.), «Ջութակահարը» (1975 թ.), բազմազանությամբ աչքի ընկնող, բարձրարժեք հաստոցային և մոնումենտալ աշխատանքների` Երևանի «Մասիս» ֆիրմայի մշակույթի տան «Ղանթար» բազմանկարի, 1979-1981թթ.՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահի որմնանկարների էսքիզների: 
Ապրելով ընդամենը 47 տարի՝ արվեստագետը չհասցրեց իրականացնել այդ էսքիզները, դրանք կյանքի կոչվեցին նրա մահից հետո:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ