Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան հայտնվել է քաղաքականացման վտանգի տակ. Սերգեյ Մինասյան


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան հայտնվել է քաղաքականացման վտանգի տակ: Լրագրողների հետ հունիսի 29-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ինչպես միշտ նմանատիպ սոցիալական ընդվզումները սկսում են ռոմանտիկները, ավարտում են ֆանատիկները: Հասարակությունն ուզում է արագ և շեշտակի փոփոխություններ, որոնք միանգամից չեն կարող լինել. դա անհնար է: Եթե այդքան շատ մարդիկ հայտնվում են փողոցում, ապա բնական է, որ այդ շարժումը վաղ թե ուշ պետք է քաղաքականացվի: Հասարակությունը պետք է հասկանա` արդյոք նա ցանկանում է գնալ շարժման քաղաքականացման ճանապարհով, քանի որ այդ դեպքում ՀՀ իշխանությունների գործողությունները կլինեն այդ իրավիճակին համապատասխան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա`հավելելով, որ այս շարժման մասնակիցների մի մասը հետապնդում է զուտ քաղաքական նպատակներ:

Նա նկատեց, որ այս լարված իրավիճակից դուրս գալուց հետո, ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական լուծումներ գտնեն նմանատիպ իրավիճակների կրկնությունից խուսափելու համար: «Անհրաժեշտ է բացել քաղաքական դաշտը ընդդիմադիր ուժերի համար և սահմանադրական բարեփոխումների քննարկումներին ավելի ակտիվորեն ներգրավել բոլոր քաղաքական ուժերին, որից հետո բացառված չէ արտահերթ խորհրդարարնական ընտրությունների անցկացումը»,-շեշտեց Մինասյանը` ընդգելով, այս շարժումը չունի ղեկավարություն, ինչը հղի է լուրջ վտանգով, և այդ պատճառով իշխանությունները չեն կարող գտնել իրենց լուրջ գործընկերոջը, որի հետ հնարավոր լիներ փոխհամաձայնության գալ: «Առաջիկայում դժվար թե լինեն նոր առաջնորդներ, որոնք ողջամիտ գնահատեն ստեղծված իրավիճակը և փորձեն լուծումներ գտնել այս դրությունից»,-պարզաբանեց քաղաքագետը:

Հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայից ցուցարարների մի ստված զանգված՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ, անսալով ոստիկանության կոչին, տեղափոխվել է Ազատության հրապարակ՝ պատրաստվելով անժամկետ նստացույցի: Սակայն ցույցի մասնակիցների մի հատված հրաժարվեց ազատել Բաղրամյան պողոտան:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ